Բռնության պաշտպանները

Բռնության պաշտպանները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, ով երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին ակնհայտորեն պաշտպանեց ոստիկանության վերջին օրերի բռնությունները՝ նպաստելով Փաշինյանի ավտորիտար նկրտումներին։

Բռնության հորդոր՝ ոստիկանությանը

Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ խորհրդարանի ամբիոնից խոսել է ոստիկանության մասին կոնկրետ շեշտադրումներով. «Ժողովրդավարությունները պարտավոր են պաշտպանել իրենք իրենց։ Եվ այդ շրջանակներում պետք է օգտագործեն բոլոր լեգիտիմ գործիքները, այդ թվում՝ օգտվելով պետության՝ ուժի կիրառման մենաշնորհից։ Այս համատեքստում կոչ եմ անում ոստիկանությանը խաղաղ հավաքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքների արդյունավետ հավասարակշռում ապահովմամբ, միաժամանակ անհանդուրժող լինել բռնության, բռնության կոչերի, սադրանքների և հայհոյախոսության նկատմամբ»։

Ջուլհակյանն, ինչպես տեսնում ենք, որևէ խոսք չի ասել ոստիկանության կողմից կիրառված ոչ համաչափ ուժի, ցուցարարների ու լրագրողների խոշտանգումների մասին, ավելին՝ անթաքույց խրախուսել է իրավապահներին՝ շարունակել նույն ոգով։ Սա ավտորիտարիզմը, բռնապետությունը խրախուսելու ուղիղ ակնարկ է։

Լռող մեծամասնություն

Այնուամենայնիվ, մի նկատառում հայտնենք՝ այս օրերին ՔՊ պատգամավորներից շատերը լռում են, թերևս՝ սպասում են իրադարձությունների զարգացմանը, որպեսզի հարմար դիրքավորվեն։ Սա արդեն լավ նշան է ու հուշում է այն մասին, որ իշխանության ներսում խուճապ գոյություն ունի։

Վահրամ Բագրատյան