Ոստիկանը՝ գո՞ղ

Ոստիկանը՝ գո՞ղ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է։ Նա այս անգամ «հերոսացել» է իր ծառայողներից մեկի արտառոց արարքի՝ գողության համար։ Քանի որ գողություն արած ոստիկանի ինքնությունը դեռ պարզ չէ, նրա փոխարեն՝ «գովեստի» խոսքեր կասենք Ղազարյանի հասցեին։

«Ցրեց» 200.000 դրամը

Երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել ցույցերի ժամանակ. փողոց փակող ցուցարարներից մեկի գրպանից ոստիկանները գումար են «թռցրել»։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ 10:40-ի սահմաններում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին և նրա ընկերներին բերման ենթարկելու ժամանակ:
Yerevan.today-ի հետ զրույցում տուժած քաղաքացին հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ վճարման համար գրպանում պահած 200.000 դրամ գումարը գողացել է կարմիրբերետավորներից մեկը՝ իրեն բերման ենթարկելու պահին:
Քաղաքացին այդ մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում։

Պատասխանատուն իշխանությունն է

Իհարկե, մի առանձին վերցրած ոստիկանի արարքի համար սխալ է ամբողջ ոստիկանությանը որակումներ տալը։ Բայց համոզված ենք՝ նման բարքերը ոստիկանությունում բացառիկ չեն ու դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը այս ծառայությունը դուրս է դրել օրենքից՝ դարձնելով պատժիչ մեքենա։ Ոստիկանության նման ապալեգիտիմացումը բերում է հոռի երևույթների։

Վահրամ Բագրատյան