Վահե Ղազարյանը պարտավոր է պատասխան տալ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ղեկավարած ծառայության աշխատակիցներն այսօր գազանության մաստեր- կլասս են ցուցադրել Երևանի փողոցներում։
Մի քանի փաստեր՝ առանց մեկնաբանության
Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը։
Բերետավորներն ասֆալտին տապալելով բերման ենթարկեցին փաստաբան Կոչուբաևին։
Ոստիկանության սևդիմակավորները գետնին տապալելով բերման են ենթարկում ակտիվիստներին։
Բերետավորները փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Տիգրան Աբրահամյանին։
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 200-ից ավելի ցուցարարներ, որոնք փակել էին Երևանի կենտրոնական փողոցները։
Ոստիկանների վայրենություններն այնքան ակնհայտ են, որ դրանց դատապարտմամբ հանդես են եկել անգամ իշխանությանը հարող քաղաքացիական ակտիվիստները։
Օլիգարխացած ոստիկանությո՞ւն
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակից օլիգարխները ոստիկանության համազգեստով մարդիկ են ներդրել իրավապահների մեջ, որոնք իրենց «շատ ագրեսիվ ու լկտի են պահում»։ Այս մասին նա ասել է Սայաթ Նովա փողոցում ոստիկանության հետ հերթական ընդհարումից հետո։
Սա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին։
Վահե Ղազարյանը պարտավոր է պատասխան տալ։
Վահրամ Բագրատյան