«Կյանքերի» բռնապետություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանն է։ Նրա մի գրառում երեկ սոցցանցերում դարձել էր հեգնանքի ու ծաղրի առարկա։
Նաիրիի «կյանքը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ոստիկանության հայտարարությունը Երևանի փակ փողոցներում երթևեկությունը վերականգնելու մասին։
Ոստիկաններին նա դիմել է այսպես. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»։
Այստեղ երկու հանգամանք կա։
Նախ, երիտասարդ մի մարդ, ով տակավին չորս տարի առաջ ինքն էր ճանապարհներ փակում, բարոյական առումով այնքան է սպառվել, որ այլևս բացահայտորեն ողջունում է ոստիկանության ակնհայտ բռնությունները, այլ այլանդակությունները, որոնք ուսադիրներով որոշ մարդիկ երեկ ու այսօր իրականացնում են Երևանի փողոցներում։
Մյուս կողմից, զզվելի է, երբ տղամարդիկ իրար դիմում են «կյանք» բառով, մի տեսակ ամեն ինչ արժեզրկվում է, բառի համն ու հոտն էլ...
Կոռուպցիոն հե՞տք
Ի դեպ, ԶԼՄ-ներում անընդհատ նյութեր են հայտնվում, որ Նաիրի Սարգսյանը ժամանակավորապես «ռեզերվ» է ուղարկվել, որովհետև անցնում է մի շարք կոռուպցիոն գործերով։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել, բայց չի էլ հերքվել ոչ պատկան մարմինների, ոչ էլ Սարգսյանի կողմից։
Վահրամ Բագրատյան