«Մաուզերիստ» Սաքոն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է, որը բացառիկ ցինիզմով հանդգնեց ոտքով հարվածել լրատվական կայքի օպերատորին։
Թե ինչպես էր ՊՊԾ պետը զբաղված «ռազբորկայով»
Երևանում այսօր բազմաթիվ փողոցներ են փակվել ու բնականաբար՝ ընդդիմության ակցիաները լուսաբանվում են ԶԼՄ-ների, այդ թվում՝ MediaHub.am կայքի կողմից։
Ակցիաներից մեկի ժամանակ, երբ ոստիկանները բռնի ուժով տարածքից հեռացրել են ցուցարարներին, այդ կադրերն արձանագրվել են MediaHub.am-ի տեսախցիկի կողմից։
Հավանաբար, այդ հանգամանքը հունից հանել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, որը փողոցային «ռազբորկայի» կանոններով հարձակվել է կայքի օպերատորի վրա, քաշքշել է նրան, փորձել է կոտրել տեսախցիկը։
«Ասա թող խելոք պահի, բերանը...»,- ասել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ ոտքով հարվածելով MediaHub-ի աշխատակցին։
Սա արդեն արտառոց է, երբ նման բարձրաստիճան սպան անմիջականորեն է բռնություն գործադրում ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ՝ փողոցային բառապաշարով։ Սա խոսում է երկրում տիրող իրավական «բեսպրեդելի» մասին։
Փաշինյանի «օրինակելի» ենթական
Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ բարձ ամբիոնից իրեն թույլ է տալիս «մատ կամ այլ բան թափ տալ», ապա նրա անմիջական ենթակայի համար նման վարքագիծը միանգամայն օրինաչափ է։ Սարգիս Հովհաննիսյանը Փաշինյանի «օրինակելի» ենթական է։
Վահրամ Բագրատյան