Քաղաքացու օրը՝ քաղաքացու խոշտանգում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որը դարձել է իշխանության հիմնական բռնարարը։
Բռնության փաստեր՝ մեկ օրում
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գտնվում ենք ոստիկանության «Մաշտոցի» բաժանմունքում:
Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկելու ընթացքում վնասել են խաղաղ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ձեռքը: Նանական վարկածով կոտրվածք: Այս պահին ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին: Աղջիկը քիչ ուշ կհոսպիտալացվի»:
Ոստիկանությունը շեշտված բռնություն է գործադրում նաև ակցիաներին մասնակից երեխաների նկատմամբ։ Դա չի վրիպել նույնիսկ իշխանությանը լոյալ ՄԻՊ-ի կողմից։
Ոստիկանություն բաժին տարված քաղաքացիների մեջ նաև երեխաներ են եղել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ արձագանքել է այդ դեպքերին։ Ըստ օմբուդսմենի՝ առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում 16-17, իսկ մեկը 13 տարեկան են եղել:
«Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկություններ է ստացել, որ ոստիկանները երեխաներին որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով: Բերման ենթարկված երեխաների ծնողներն այսօր հրաժարվեցին խոսել։
Իշխանությունը շեշտված բռնություն է գործադրում ընդդիմադիր գործիչների հարազատների նկատմամբ։
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման երթարկելիս կարմիր բերետավորները հարվածներ են հասցրել իր որդուն՝ Արմենակ Նազարյանին և նրա ընկերոջը՝ Տարոն Մանուկյանին, որը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։
Փաշինյանի ծաղրը
«2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում եւ այդ արժեքը անշրջելի է ու անսասան»,- այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ գրել է Նիկոլ Փաշինյանը։
Սա ծաղր է մի հասարակության, քաղաքացիների հանդեպ, որոնք ամեն օր բռնության են ենթարկվում՝ միայն այն բանի համար, որ անհամաձայն են իշխանության քաղաքականության հետ, մասնակցում են ընդդիմության բողոքի ակցիաներին։
Վահրամ Բագրատյան