ՔՊ ներսում ընդդիմությո՞ւն է ձևավորվում Փաշինյանի ձեռամբ

ՔՊ ներսում ընդդիմությո՞ւն է ձևավորվում Փաշինյանի ձեռամբ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ մեղադրել էր Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար։ Ռուսաստանը չուշացրեց իր արձագանքը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքեց Գրիգորյանի խոսքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Գրիգորյանը հայտարարություն է անում, որը հետո հերքվում է ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Փաշինյանի շուրթերով: 

Արմեն Գրիգորյանը միշտ համարվել է Արևմուտքի ներկայացուցիչը Փաշինյանի իշխանությունում ու թիվ մեկ հակառուս իշխանավորը: Անգամ այն աստիճան, որ շշուկներ կան, որ ՔՊ-ում հնարավոր է պառակտում լինի, և Գրիգորյանը գլխավորի Փաշինյանից պոկված թևը: Բայց սրան զուգահեռ չեն բացառում, որ դա էլ, իր հերթին, կլինի Փաշինյանի «գրպանային ընդդիմությունը»՝ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Արդյո՞ք նման զարգացումները հավանական են. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Վերջինս, նախ, անդրադարձավ ՀՀ-ՌԴ հարաբերություններին։

«Նիկոլ Փաշինյանն այլ ասպեկտներով, այլ տողատակերով կամ շատ դեպքերում ուղղակիորեն Ռուսաստանին մեղադրել է՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, մեղադրել, որ Ռուսաստանը, որպես անվտանգության երաշխավոր, ավելի շատ պրոբլեմներ է ստեղծել Հայաստանի համար, քան Հայաստանի անվտանգությունն է պաշտպանել»,- նախ ասաց Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Փաշինյանը բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը զերծ է մնացել այնտեղի բնակչությանը պաշտպանելուց։ Եվ, ըստ մեր զրուցակցի,  ինքը որևէ տարընթերցում կամ տարբերություն, գոնե հրապարակային դաշտում, ՔՊ-ի և ՔՊ-ամերձ շրջանակների հնչեցրած դիրքորոշումների մեջ չի տեսնում։ 

«Ոմանք կարող են ավելի զգուշավոր լինեն, ոմանք ավելի ադեկվատ, ոմանք ավելի շրջահայաց արտաքին քաղաքական մոտեցումներում, քանի որ ոմանք, սկսած քաղաքական կողմնորոշումներից, իսկ մյուսները բիզնես հետաքրքրություններով պայմանավորված, կարող են ավելի լոյալ լինել ՌԴ-ին, ոմանք էլ, ելնելով իրենց կենսագրությունից, ՌԴ-ի հետ որոշակի կապեր ունենան: Բայց, ընդհանուր ՔՊ վեկտորը Հայաստանը արևմտյան ուղղությամբ տանելն է»,- նշեց Հակոբյանը։

Հարցին, թե արդյո՞ք տեսնում է նման հավանականություն, որ ՔՊ ներսում ձևավորվի ընդդիմություն, ընդ որում հենց Փաշինյանի ձեռամբ, Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում, որ արտաքին քաղաքական կողմնորոշման առումով այսօրվա իշխող վարչախմբում կան լուրջ բևեռներ, թեև անհատների մակարդակով կարող են և լինել որոշակի տարաձայնություններ։

«Տարաձայնությունները կարող են պայմանավորված լինել բիզնես շահերով՝ բիզնեսային հարաբերություններ ունենալով ՌԴ-ի հետ, ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ ֆինանսական կորուստներով, ոմանք իրենց կենսագրության ընթացքում և կյանքի ընթացքում հարաբերվել են ՌԴ-ի տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների հետ և պարտավոր են դեռ ռուսամետ մնալ»,- նկատեց նա։

Բայց մեկ բանում Հակոբյանը վստահ է․ «Կառույցի քաղաքական վեկտորը հստակ դեպի Արևմուտք է, իսկ Արմեն Գրիգորյանը, թեկուզ իր գեներով, պարտավոր է լինել ամենածայրահեղ արևմտամետը: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ ամենածայրահեղ գնահատականներն է տվել նույն ՌԴ գործողություններին, ՌԴ-ի դաշնակիցների գործողություններին և, ի վերջո, Հայաստանը ՌԴ-ի և Ուկրաինայի պատերազմի թեմայի շուրջ մի քանի անգամ պաշտոնապես և ոչ պաշտոնապես ասել է, որ այդ պատերազմում ՌԴ-ի դաշնակիցը չէ»։

Մարիաննա Արամյան