Նիկոլը լիներ, դուրս կգար ափերից, կջղաձգվեր․ Սրբազանը բավականին խոհեմ գտնվեց

Նիկոլը լիներ, դուրս կգար ափերից, կջղաձգվեր․ Սրբազանը բավականին խոհեմ գտնվեց

«Սյունիքում Բագրատ Սրբազանի հանդիպումը տեղի բնակչության հետ հետաքրքիր է անցել։ Ուղղակի «ներմուծված» մի աղջկա պատճառով ընդհարում եղավ։ Եկավ, սկսեց պրովոկացիոն հարցեր տալ, փորձում էր հունից հանել Սրբազանին, որ մի բան ավել ասի, իրենք բավարարվեն դրանով։ Լրագրողներ են մեղավոր, որ այդ աղջկան եթեր են տրամադրել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց սյունեցի Կարեն Հակոբյանը։ 

Նա ասաց, որ այնտեղ հանդիպումը բավականին ջերմ է անցել մինչ այն պահը, երբ հայտնվեց Հասմիկ անունով աղջիկը։

«Չգիտեմ, ասում էին` լրագրող է, բայց նա չէր լսում Սրբազանին, այլ ուզում էր տեղ հասցնել իրեն այնտեղ ուղարկած պատվիրատուի պահանջները։ Ի տարբերություն իր հիստերիային, Սրբազանը բավականին խոհեմ գտնվեց։ Նիկոլը լիներ, դուրս կգար ափերից, կվիրավորեր, կպահանջեր` հեռացնեին տարածքից, բայց Բագրատ Սրբազանը լսեց, ժպտաց, պատասխանեց, դրանից հետո էլ լրագրողները սկսեցին ուղիղ եթերում խոսացնել աղջկան, ավելի թեժացնելով կեղծ բանավեճը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Հակոբյանի՝ Բագրատ Սրբազանին Սյունիքում սպասում էին, քանի որ խոսակցություններ կան, որ Տավուշից հետո սահմանազատման գործընթացը կշարունակվի այնտեղ։

«Ուզում էինք լսել իր տեսակետը։ Սրբազանը ճիշտ էր ասում, մեզ անընդհատ վախեցնում են պատերազմով։ Դրա համար մեզ մոտ վախենում են այդ մասին դեմ կամ կողմ խոսել։ Բոլորը խոսում են մեր մասին՝ բացի մեզնից։ Բայց մենք էլ հո՞ գիտենք, որ Թուրքիային և Ադրբեջանին հետաքրքրում է ավելի շատ Սյունիքը, քան ընդհանուր Հայաստանը։ Դա գիտակցում է նաև Փաշինյանը։ Դրա համար է իր պես մի «պրովոկատոր» ուղարկել, որ մեր մարզ այցը դիտարկվի վատ տեսանկյունից։ Երեկ սաղ սոցիալական ցանցերում Սրբազանին վերաբերող նյութերի վերնագրերը իրար նման էին` «Սրբազանը սուտ է ասել»։ Սրբազանը ոչ միայն ճիշտ է ասել, այլև, մեր նման մտահոգված է մեր մարզի, մեր երկրի ապագայով»,- հավելեց նա։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, եռօրյա այց է կատարել դեպի Սյունիք, բարձրացել Խուստուփ լեռ, տարբեր բնակավայրերում հանդիպել բնակիչների հետ, այցելել սահմանային դարձած Ներքին Հանդ և Շուռնուխ գյուղեր, Տաթևի վանական համալիր։

Հունան Թադևոսյան