Փաշինյանն իրավական պատերազմում ևս «ֆոռա» է տալիս թշնամուն

Փաշինյանն իրավական պատերազմում ևս «ֆոռա» է տալիս թշնամուն

Սրբազան շարժման տելեգրամյան ալիքն ուրբաթը օրը լուր հրապարակեց այն մասին, թե դիվանագիտական շրջանակների որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից։ «Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս հարցը մեկ ամիս չէ, որ պարբերաբար դառնում է քննարկման առարկա, և իշխանություններից էլ ազդակներ են ստացվում, որ Հայաստանը, այո, հնարավոր է նաև նման քայլի գնա և զիջի Բաքվին նաև այս հարցում:

Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը, օրինակ, նույնպես կհրաժարվի Հայաստանի դեմ իր բազմաթիվ հայցերից, թե գործ ունենք հերթական միակողմանի զիջման հետ, որը մեզ պարտադրում է թշնամի Ալիևը՝ Փաշինյանի «կառուցողական» գործընկերը։

«Եթե հրաժարվենք մեր հայցերից ու իրենք խաղաղության պայմանագիր չկնքեն, սա, միանշանակ, միակողմանի զիջում է, իսկ Ադրբեջանը խոսե՞լ  է այն մասին, որ ինքը նույնպես պատրաստ է հրաժարվել»,- MediaHub-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց  փաստաբան Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններին ինչպես ասում են, այնպես էլ նրանք անում են։
«Նիկոլ Փաշինյանի վախը բռնել են, հիմա ինչ ասեն՝ անելու է։ Այնտեղ ասում են՝ «շուտ արա, գոռգոռում են», ինքն էլ գալիս ու ժողովրդի հետ է նույնը անում»,- ասաց փաստաբանը։

Ըստ մեր զրուցակցի` հարաբերություններ կարգավորելու մեջ նման հարցերը սովորաբար լուծվում են խաղաղության պայմանագրից հետո, այլ ոչ թե նախքան խաղաղության պայմանագիրը: «Այսպես դառնում է՝ «սա արա, թե չէ չեմ կնքի խաղաղության պայմանագիրը», բայց մենք չգիտենք, թե Ադրբեջանի այս պահանջները մինչև ո՞ւր են հասնելու»,- հավելեց Հարությունյանը։

Փաստաբանը վստահ է՝ Ադրբեջանը չի հրաժարվելու հայցերից, ինչպե՞ս կհրաժարվի:

Ըստ նրա՝ դա նույնն է, որ հիմա, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց է, Ադրբեջանը դուրս գա Ջերմուկում, Իշխանասարում, Ներքին Հանդում ապօրինի զավթած մեր տարածքներից։ «Մենք Կիրանցում, որ արեցինք, իրենք ի պատասխան որտեղի՞ց դուրս եկան»,- հարցադրում հնչեցրեց նա։

Հարությունյանը եզրափակեց՝ այս ամենից դուրս գալու միակ ելքը քաղաքական պատասխանատուներին փոխելն է։

Հիշեցնենք նաև, որ դեռ մարտին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս հարցին։

«Եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, էլ ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ»,- մասնավորապես ասել էր նա:

Վիկա Աբգարյան