Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր

Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական հերթական նիստը կայացավ հունիսի 28-ին։ Արդեն դատաքննությունը հասել է տուժողների՝ 15 զինծառայողների ծնողների հարցաքննության փուլին։

«Շատ դժգոհ ենք դատաքննությունից, ինչի՞ց գոհ լինենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղում հրդեհին զոհ գնացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի ցուցմունքն էականորեն տարբերվում է նախորդ անգամներին տված, ինչպես նաև նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից։

«Իր վերջին ցուցմունքն էականորեն տարբերվում է։ Մարդ չի հասկանում՝ խե՞լքն ա գցել, թե՞ ուզում է մեզ ավելի շատ խճճել։ Դատերը գնալով փոխարեն փուլ առ փուլ ավելի շատ բան պարզ դարձնեն, ավելի շատ են մեզ խճճում։ Անցած նիստին ես դատավորին էդ հարցը տվել եմ, ասել եմ, որ վերջապես ինքը մարդկանց ճակատագրերի հետ գործ ունի, վաղը պիտի վճիռ կայացնի, ինչի՞ հիման վրա է այդ վճիռը կայացնելու, էս սուտ, սխալ ցուցմունքների՞։ Հակասական ցուցմունքների արժանահավատությունը վերջում ո՞նց է գնահատելու, հնարավոր է տասը ցուցմունք տվողից ինը խաբում է, ի՞նչ, խաբողների ցուցմունքների վրա՞ է հիմնվելու»,- նկատեց Կիրակոսյանը։

Նա պատմեց, որ որևէ ռեալ բան չկա այս դատական նիստերի ընթացքում։ 

«Ոնց հրդեհից ժամեր անց հայտարարել է գերագույնը (Նիկոլ Փաշինյան, խմբ.), այդպես էլ գործը գնում է։ Էն օրը Եղիշե Հակոբյանն ասում է՝ «շիշը ձեռքիցս ընկավ գետնին», թե ոնց է հայտնվել դռան մոտ, ես չեմ հասկացել, բայց դրանից առաջ ասում էր՝ «շպրտել եմ», Փաշինյանն էլ էր ասում՝ ինքնապաշտպանական բնազդով նետել է զինվորների ննջասենյակի դռան ուղղությամբ։ Ես էլ այդ պահին ասացի՝ «ուրեմն Նիկոլը խաբում է»։ Եթե քո ձեռքի շիշը պատահաբար ընկել է, ուրեմն Նիկոլը խաբում է, դու էլ մինչև էս պահը խաբում էիր»,- նկատեց զոհվածի հայրը։ 

Գաբրիել Կիրակոսյանի դիտարկմամբ՝ գործն այս ընթացքով գնալու է, այս ամենը ձևականորեն արվում է, որ հետո ասեն՝ իքս ժամանակահատված դատավարություն է իրականացվել, ու պաշտոնական վարկածից զատ այլ բան ի հայտ չի եկել։

«Եթե գործն էս ձևով փակվեց, վայն եկել, տարել ա իրենց։ Լավագույն դեպքում գործը մտցնելու ենք Եվրադատարան, որ դրսից մասնագետներ գան, եզրակացություն տան: Էստեղի մասնագետները դեպքի վայրն ուսումնասիրել են, ասել են, որ տղերքը էդտեղ կարող էին էդ ձևով վառվել։ Ասում եմ՝ պոլերի 20-30%-ն է վառվել, էդ ինչի՞ց տղերքը պիտի էդ ձևով վառվեին, եթե, իհարկե, հատուկ մի բան չեն լցրել ու տղերքին վառել։ Թող դրսի մասնագետն իր եզրակացությունը տա։ Թե չէ այս իշխանության օրոք, էս բարդակի մեջ ոչ ոք արդար դատաքննություն չի ակնկալում»,- ասաց Կիրակոսյանը։

Նշենք, որ այս գործով հերթական դատական նիստը կայանալու է վաղը՝ հուլիսի 2-ին։

Նարե Գնունի