Արև Վրացյանն այսօրվանից հեռացված է աշխատանքից

Արև Վրացյանն այսօրվանից հեռացված է աշխատանքից

Մասիսի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու շուրջ ստեղծված խնդիրները երեկվանից գտնվում են MediaHub-ի ուշադրության առանցքում։ Արև Վրացյանը կոպտել է աշակերտներին, հարվածել նրանց,  բուլինգի ենթարկել արցախցի երեխաներին, անհամերաշխության մթնոլորտ ստեղծել դպրոցում։ 

Երեկվա մեր հրապարակումից հետո Արև Վրացյանը դարձել է բուռն քննարկման թեմա։ Հանրությունն իր դժգոհությունն էր հայտնել ուսուցչուհու նման պահվածքի ու արտահայտությունների համար։

«Արև Վրացյանն այսօրվանից հեռացված է աշխատանքից»,- MediaHub-ին փոխանցեց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։ Նա այլ հարցերի չպատասխանեց, միայն ասաց, որ տվյալ ուսուցչուհին հեռացվել է։ 

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանն էլ ասաց, որ չնայած իր ու կոլեկտիվի ջանքերին, Վրացյանին աշխատանքից հեռացնել չէր հաջողվում։ Սակայն, երեկվա նյութի հրապարակումը եղավ լավագույն ապացույցը, որ մեդիան ուժ ունի։ 

«Որոշումը կայացվել է այսօր։ Վրացյանն այլևս մեր աշխատակիցը չէ։ Գիտեք, հայոց լեզվին ինչ-որ չափով տիրապետելը դեռ չի նշանակում լինել լավ ուսուցիչ։ Իր գեղեցիկ խոսքն ու գիտելիքը, ցավոք, նպատակին չծառայեց։ Քանի անգամ եմ օգնել, հասկացրել, որ «յուրաքանչյուր աշակերտ սիրո, քաղցր մի խոսքի կարիք ունի, գոնե «ջան» բառը օգտագործիր», բայց ինքն ըմբոստ էր տեսակով, անթաքույց չէր սիրում երեխաներին։ Կարծում եմ՝ այսօրվանից մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ առանց խայտառակ միջադեպերի»,- ընդգծեց դպրոցի տնօրենը։

Հունան Թադևոսյան