Այո, ՊԵԿ փոխնախագահն իմ ընկերն է, բայց նա չի գնացել՝ դառնա «դավաճան իշխանության» մի մասնիկ․ Դավիթ Անանյան

Այո, ՊԵԿ փոխնախագահն իմ ընկերն է, բայց նա չի գնացել՝ դառնա «դավաճան իշխանության» մի մասնիկ․ Դավիթ Անանյան

Մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 19-ին, ուշագրավ նշանակում տեղի ունեցավ պետական համակարգում․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համլետ Սահակյանը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։ 

Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Սահակյանը ՊԵԿ նախկին նախագահ, այժմ թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող և կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար քննադատող Դավիթ Անանյանի ընկերն է և գործընկերը՝ Համլետ Սահակյանը, Անանյանի հիմնած PHP Partners խորհրդատվական ընկերության փայատերն ու համահիմնադիրն է։ Այսինքն՝ մի կողմից Փաշինյանի օրոք ՊԵԿ նախագահ աշխատած և 2020-ի հունիսին պաշտոնից ազատված Դավիթ Անանյանը քննադատում է այս իշխանություններին, համարում նրանց դավաճան և խոսում նրանցից օր առաջ ազատվելու մասին, մյուս կողմից՝ նրա պարտնյորը «դավաճան իշխանությունների», մասնավորապես՝ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է բարձր պաշտոնի՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։

Ուստի MediaHub-ը հետաքրքրվեց Դավիթ Անանյանից, թե ինչպե՞ս կմեկանաբանի Համլետ Սահակյանի այս նշանակումն իր ընդդիմադիր հայացքների ֆոնին։ Նա, նախ, հաստատեց, որ Համլետ Սահակյանն իր գործընկերն է և եղել է այն ընկերության ղեկավարը, որի բաժնետեր է հանդիսանում նաև ինքը։ Ապա ավելացրեց, որ շատ տրիվիալ է այդ ամեն ինչը։ 

«Ես, օրինակ, կարծում եմ, որ պետք է լինի իշխանափոխություն, բայց պետական կառավարման համակարգի պարալիզացիայի նկրտումներ ես էսօր չունեմ։ Եւ այն համակարգը, որ այսօր հանրային ֆինանսների կառավարման և հանրային ֆինանսների ձեռքբերման, հայթայթման հետ կապված՝ շատ կարևոր դերակատարում ունի, մենք էդտեղ որոշակիորեն նաև պարտականություն ունենք։ Եթե մեր ուժերի կարիքը կար, օրինակ՝ Համլետ Սահակյանին առաջարկել են, բնականաբար, նա ինձ հետ խորհրդակցել է՝ «ի՞նչ կարծիքի ես», ես ասել եմ Համլետ Սահակյանին, որ «տե՛ս, դու պետական համակարգում չես աշխատել երբեք, հիմա քեզ առաջարկում են պաշտոն, և էն պաշտոնը, որը դու գնում ես, իր գործառույթները, այո, 99 տոկոսով ապաքաղաքական են, բայց նաև ինքն ընկալվելու է, որ դու որոշակի քաղաքական գործընթացների մասնակից լինելու ես»։ Սա ամենաանբարենպաստն է, ես չէի ուզենա, որ իմ ընկերը, իմ գործընկերը քաղաքական գործընթացների մասնակից լիներ իշխանական թևից»,- ասաց պարոն Անանյանը։

-Բայց նա ակամա ծառայելու է օրվա իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին։

-Ինքը չի ծառայելու իշխանությանը։ Ասեմ ավելին, ես՝ ինքս, լինելով պետական ծառայող, ես ծառայել եմ իմ պետությանը, ծառայել եմ հանրությանը։ Այ էդ նույն շեշտադրումով, նույն կեցվածքով Համլետ Սահակյանը մտել է պետական համակարգ՝ որոշակի գործառույթ իրականացնելու։

-Նույն տրամաբանությամբ, եթե Ձեզ առաջարկեն վերադառնալ պետական ապարատ, կհամաձայնե՞ք։

-Ոչ, ես չեմ վերադառնա, բայց իրավունք էլ չունեմ իմ գործընկերոջը, իմ ընկերոջը սահմանափակել իր կողմից որոշումների կայացմանը։ Տեսեք, եթե իրեն առաջարկեին, օրինակ, լինել առաջին դեմք որևէ կառույցում, ես կտրականապես դեմ կարտահայտվեի։ Բայց երկրորդ դեմք լինելը մի կառույցում, որը չնայած քաղաքական գործըթնացների մասնակից է՝ որպես գերատեսչություն, բայց նաև շատ կարևոր դերակատարում ունի հանրային ֆինանսների ձևավորման հետ կապված, վերջիվերջո, մեր խնդիրը ոչ թե պետություն քանդելն է, այլ պետության ղեկին կանգնած ապաշնորհներին պատմության գիրկն ուղարկելն է։ Հետևաբար, մենք չենք կարող այսօր այնպիսի որոշումներ կայացնել, որը նաև վտանգում է պետականությունը։

-Բայց տեսականորեն հնարավոր է, որ Ձեր ասած այդ ապաշնորհները ուղիղ կամ միջնորդավորված կերպով Ձեր ընկերոջը տան այնպիսի հանձնարարություններ, որոնք պետության հիմքերը կխարխլեն։

-Այո, շատ ճիշտ եք ասում, ոչինչ, ոչ մի բան բացառված չէ։ Բայց ես հստակ կարող եմ Ձեզ վստահեցնել, որովհետև Սահակյան Համլետն իմ ընկերն է, և ես ունեմ հստակ համոզմունք, որ եթե ինքը ստանա այնպիսի հանձնարարություն, որը չի բխում իր անմիջական գործառույթներից, քաղաքական ապրտադրանք կամ որևէ այլ բան է պարունակում, ինքը որևէ վայրկյան չի մնա պետական համակարգում։ Էսօր ինքը գնացել և շատ ծանր աշխատանք, շատ ծանր բեռ է վերցրել իր վրա։ Ես կարծում եմ, որ ինքը էսօր շատ կարևոր դերակատարում ունի պետական համակարգում, քանի որ հանրային ֆինանսների ձևավորման գործընթացը պետության աորտան է։ Մենք ընկերներով որոշել ենք, որ շատ դեմ չենք լինի, եթե ինքը ուզում է գնալ, որովհետև էսօր հանրային կառավարման մեջ էլ կան միջին և որոշակի բարձր պաշտոններ զբաղեցնող հայրենասերներ, որոնք իրենց անմիջական, ամենօրյա աշխատանքով թույլ չեն տալիս, որ էս պետությունը վերջնականապես քանդվի։ Դուք դրա մասին էլ մտածեք։ Ինքը չի գնացել՝ դառնա այսպես ասած դավաճան իշխանության մի մասնիկ, այլ գնացել է ներսից մասնակցի հանրային կառավարման գործընթացին։ Այս տեսանկյունից եմ խնդրում, որ նայեք։

Վահե Մակարյան