Կասկածելի լեգիտիմության ուրվականը

Այսօր Երևանի ավագանու նիստում, որը ցուցադրաբար բոյկոտվեց Հայկ Մարությանի խմբակցության կողմից, Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, տեղակալներ ընտրվեցին Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը:
Ընդ որում, վերջինը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իհարկե՝ ընդամենը մեկ տարվա:
Մադաթյանի ֆենոմենն այլ է՝ նա նախկին նախարար և պատգամավոր Էդուարդ Մադաթյանի (քրեական բարքերով հայտնի Խուճուճ Էդոյի) եղբորորդին է ու «չար լեզուներն» ասում են՝ հենց ազդեցիկ հորեղբայրն է ֆինանսավորել «Հանրապետություն» կուսակցության նախընտրական արշավը: Թերևս, այսօրվա, նման արդյունքի համար:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ կցակառույց դարձավ շատ համեստ բաժնով ու սա այն դեպքում, որ շատերը կանխատեսում էին, թե Արտակ Զեյնալյանը կդառնա Երևանի առաջին փոխքաղաքապետ:
Այս կոալիցիայի մյուս առանձնահատկությունն այն է, որ ՔՊ-ն ու «Հանրապետությունն» ունեն 50%-ից պակաս մանդատներ ու չեն կարողանալու իրականացնել արդյունավետ կառավարում:
Տիգրան Ավինյանը ու նրա թիմն ունեն խիստ խոցելի քաղաքական լեգիտիմություն:
Սակայն այս ճշմարտությունը ճիշտ է՝ ոչ միայն քաղաքական տեսանկյունից:
Ըստ ամենայնի, քաղաքապետի պաշտոնում Ավինյանի լեգիտիմությունը կվիճարկվի դատական կարգով:
Բանն այն է, որ Ավինյանի երդմնակալության նիստը հրավիրվել է օրենքի խախտումներով, այդ նիստին պետք է մասնակցեր ավագանու կեսից ավելին, որ այն իրավազոր լիներ՝ երդմնակալության արարողությունն անելու համար, մինչդեռ «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» խմբակցությունները չեն մասնակցել այդ նիստին, ուստի Տիգրան Ավինյանը չի կարող օրենքով սահմանված կարգով իրականացնել քաղաքապետի լիազորությունները։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստում։
Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվում:
Վահրամ Բագրատյան