Արցախի կորստի հետ համակերպվեցին, դասագրքի հետ էլ կհամակերպվեն․ դժգոհություններ ԿԳՄՍ նախարարից

Արցախի կորստի հետ համակերպվեցին, դասագրքի հետ էլ կհամակերպվեն․ դժգոհություններ ԿԳՄՍ նախարարից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի բոյկոտման և վրիպակների մասին հարցին պատասխանեց, որ պետք է համակերպվեն և իրենց մոտեցումը չի սրբագրվելու։

«Աղմուկը և թիրախավորումը չեն շեղելու մեզ մեր նախատեսած փոփոխության ընթացքից»,- ասել էր նախարարը: Նաև նշել էր, որ ծնողների կարծիքի հետ հաշվի չի նստելու և ծնողները չէ, որ պետք է որոշեն։

MediaHub-ը կապ հաստատեց պատմության ուսուցչուհի Մարինա Մադոյանի հետ, ով դասագրքերի դեմ ֆլեշմոբի ակտիվ մասնակիցներից էր։

«Դե մտածում են՝ Արցախի կորստի հետ համակերպվեցին, դասագրքի հետ էլ կհամակերպվեն։ Գրքի բոյկոտումը ես ավելի շուտ եմ սկսել, քան այս աղմուկը, քանի որ ծանոթ եմ հեղինակին։ Հեղինակը աղանդավոր է, հայատյաց և արևմտամետ, և այդ ամբողջությունը արտացոլվեց այդ «դասագրքի» մեջ»,- ասաց նա։ 

Ֆլեշմոբին միացել է նաև դերասանուհի Անի Ղազարյանը՝ նշելով, որ որպես ծնող համաձայն չէ, որ իր երեխան կրթություն ստանա նման «դասագրքով»։

«Վստահաբար, այն գլոբալ և կարևոր թեմաները, որոնք հեղինակը աղավաղել է, իմ երեխային կա՛մ նախորդ տարիների դասագրքերով, կա՛մ այլ աղբյուրներից վերցրած նյութերով կտամ նորմալ կերպով սովորելու համար։ Մենք շատ բաների հետ ենք համակերպվել, բայց մեր եկող սերունդը մեր վաղվա օրն է և մեր ապագան, ու ես կարծում եմ, որ շատ ուշադիր պետք է լինել այն նյութին, որ երեխան ստանում է դպրոցում։ Հուսով եմ, որ ուսուցիչները չեն համակերպվի այս իրականության հետ, ինքս չեմ պատրաստվում համակերպվել, ու ինչ ուզում է թող ասի ԿԳՄՍ նախարարուհին»,- հավելեց Անի Ղազարյանը։

Մարիա Զարգարյան