Փաշինյանի նվաստացումը, Ալիևի կրակոցը

Փաշինյանի նվաստացումը, Ալիևի կրակոցը

Հայաստանի վարչապետը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարել կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

Փաստորեն, Փաշինյանը Ռեյկյավիկում կրկնել է նույն տեսակետը, որն օրեր առաջ հնչեցրել է Շառլ Միշելը: Սա օրակարգից հանում է իշխանության կողմնակիցների վերջին օրերի այն արդարացումները, թե ԵՄ նախագահը կոնսենսուսային դիրքորոշում է հայտնել՝ փորձելով պահպանել միջնորդական պարիտետը:
Ճակատագրի հեգնանք է, որ հենց «Արցախը Հայաստան է և վերջ» հռչակած Փաշինյանը հայտարարեց, թե «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Պետական այրի այս լուզեր կերպարում մարմնավորվում է հայկական մաքսիմալիզմի թշվառությունն ու պերճանքը: Քաջ Նազարից մինչև Ձախորդ Փանոս՝ կես քայլ է:

Բայց նույնիսկ Փաշինյանի այս նվաստացուցիչ պահվածքը Հայաստանը չի մոտեցնում խաղաղությանը:

Ալիևը կրակում է՝ համոզված լինելով, որ իր դիմացը կանգնած է թուլակամ ու ամեն ինչ զիջելու պատրաստակամ մարդ:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը երեկ կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող Էդգար Սուլեյմանյանը։ 2003 թվականին ծնված զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։

Վահրամ Բագրատյան