Ներքաղաքական ճգնաժամ Արցախում 

Ներքաղաքական ճգնաժամ Արցախում 

Ստեփանակերտում ներքաղաքական ճգնաժամը հասել է պիկին: Սամվել Բաբայանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել ու պահանջել է իրեն պետնախարար նշանակել: Արայիկ Հարությունյանը Բաբայանին հանդիպել է, սակայն նրան բավարարող պատասխան դեռ չի տվել:

Բաբայանի հարաբերությունները հարթ չեն ընդդիմադիր մյուս ազդեցիկ բեռի հետ, որի փաստացի ղեկավար Ռուբեն Վարդանյանին նա հրավիրել է հեռուստատեսային բանավեճի:

Այս համատեքստում երեկ ուշագրավ հայտարարություն է հնչել Արցախի խորհրդարանում:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի նիստի ժամանակ՝ նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկելով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել: Այդ կառույցում Թովմասյանը կոչ է անում ընդգրկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին:

«Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք», - ասված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունում:

Այս հայտարարությունն ուշագրավ է երկու հանգամանքով պայմանավորված:

Արդյո՞ք Թովմասյանի հայտարարությունը համաձայնեցված է Հարությունյանի հետ: Սա իրական օրակա՞րգ է, թե՞ ընդդիմախոսներին քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ, մանավանդ, որ նրանցից շատերը պաշտոն են ուզում՝ առանց ընտրությունների:

Եվ վերջապես՝ կա՞ որևէ երաշխիք, որ Արցախում հնարավոր կլինի արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա:

Եթե հստակ երաշխիքներ չլինեն, ապա Արցախում կարող է իշխանության վակուում առաջանալ, որը ձեռնտու է միայն Բաքվին:

Վահրամ Բագրատյան