Փաշինյանի քինախնդրությունը 

Փաշինյանի քինախնդրությունը 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Նույնիսկ անիմաստ է մեղադրանքի բովանդակությանն անդադառնալը, որովհետև առևանգում, դասական իմաստով, տեղի չի ունեցել:

Բնավ չենք պնդում, թե տեղի ունեցած միջադեպը չի կարող քննության առարկա լինել, բայց ոչնչով չհիմնավորված կալանքը ոչ միայն չի նպաստում քննության օրինականությանը, այլ միայն նպաստում է հասարակության բևեռացմանը՝ ի ցույց դնելով իշխանական «բեսպրեդելը», ինչի մասին վերջին օրերին խոսում են անգամ չեզոք իրավապաշտպանները:

Սկզբունքորեն որդիները պատասխանատու չեն իրենց ծնողների վարքագծի համար ու նաև որդիների անձնազոհությունը չի կարող մեխանիկորեն տարածվել նրանց ծնողների վրա:

Որդեկորույս ծնողները, ինչքան էլ արդար լինի նրանց ցասումը, Աշոտից պահանջելու որևէ բան չունեն, նրանք բազմաթիվ հարցեր տալու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանին:

Մյուս կողմից, հենց Նիկոլ Փաշինյանն է նպաստել իր ընտանիքի անդամների, այդ թվում՝ Աշոտի «քաղաքականացմանը»՝ նրանց օգտագործելով որպես «մասովկա» իր էժանագին PR-ում: 

Որդեկորույս ծնողներին «քաջալերել» է հենց Փաշինյանը՝ իր հովանավորությամբ անպատիժ թողնելով այն հաստավիզ ոստիկաններին, ովքեր անցած տարի Եռաբլուրում խոշտանգել են այս նույն ծնողներին: Հենց ինքը՝ Փաշինյանը, պատերազմի ու զոհերի մասին հանդես է եկել բազմաթիվ սադրիչ հայտարարություններով, որոնք կարող են հունից հանել անգամ ամենահավասարակշիռ մարդկանց:

Եվ վերջապես՝ բավ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը փորձարկումների ենթարկեն այս պետությունը:

Ինչպես օրենքն է սահմանում՝ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները պետք է գտնվեն պետական պաշտպանության ներքո, իսկ եթե Աշոտն այդքան երազում է «ազատ կյանքի» մասին, թող հորը հրաժարական տալու հորդոր անի:

Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն այնքան ավեր է բերել այս պետության գլխին, որ հասարակության բազմաթիվ շերտեր չեն կարող բացասական էմոցիաներ չունենալ, երբ հանդիպում են «ժողովրդական» վարչապետին կամ նրա «ժողովրդական» ընտանիքի որևէ անդամի:
Ըստ այդմ, թիկնազոր պետք է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին: 
Բայց դա նույնպես ժամանակավոր լուծում է, երկրում հասունանում է քաղաքական փոթորիկը...

Վահրամ Բագրատյան