Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին․ երկրի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք հայ գործընկերների հետ, քննարկվել են տարբեր հարցեր, նաև նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։ Հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
«Իրանը պատրաստ է նպաստել այս գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Եվ հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»,- ասել է Քանանին՝ ամփոփելով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան։
Անդրադառնալով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Իրանը պետք է բացեր իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, իսկ Հայաստանը՝ Թավրիզում։
Նրա խոսքով՝ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել մի քանի տարի առաջ, «ուստի Հայաստանը կարող է փոխադարձ հիմունքներով բացել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում»։