Սուրեն Պապիկյանի «ամերիկյան վոյաժները» կոշտ արձագանք կգտնեն ՌԴ-ում

Սուրեն Պապիկյանի «ամերիկյան վոյաժները» կոշտ արձագանք կգտնեն ՌԴ-ում

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել եմ Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում հանդիպել եմ Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


ՔՊ-ականների գեոպոլիտիկ «շուստրիությունը» կարող է շատ թանկ նստել Հայաստանի և Արցախի վրա, քանի որ պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ-ի ռազմական ինստիտուտներ և կենտրոններ, բացի PR-ից, իր մեջ ոչինչ չի պարունակում:


ԱՄՆ-ն երբեք չի զինելու Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանին՝ հայկական բանակի ողջ սպառազինությունը խորհրդային է, ռուսական է և հայկական զինված ուժերը Պապիկյանի այցից հետո չեն կարող մեկ օրում անցում կատարել ամերիկյան, ՆԱՏՕ-ական սպառազինության:


ՔՊ-ական կադրերը՝ դիվանագիտական զրո փորձով Լիլիթ Մակունցն ու պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանն, ԱՄՆ-ում ուղղակի «էլիտար տուրիստի» կարգավիճակ ունեն՝ պետական բյուջեի հաշվին ամերիկյան տարբեր քաղաքներ են այցելում:


Սակայն ՔՊ-ականների «ամերիկյան այցերը» կարող են կոշտ արձագանք գտնել Մոսկվայում, քանի որ Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ:


Եթե Վաշինգտոնը չի զինելու Հայաստանին, չի տրամադրելու այնպիսի զենքեր, որպեսզի ՀՀ-ն կարողանա վերականգնել 44-օրյա պատերազմի արդյունքում խախտված ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ապա Պապիկյանի այցն ի՞նչ պրակտիկ օգուտ և նշանակություն ունի Հայաստանի և հայկական զինված ուժերի համար:


ՔՊ-ականների քայլերն ու արտաքին քաղաքական այցերը գնահատելը պահանջում է վառ ֆանտազիա, քանի որ տրամաբանություն գտնել այդ այցերի և քայլերի մեջ բարդ է: Եթե նպատակը զուտ ՌԴ-ն «հունից հանելն» էր, ապա ՔՊ-ի այդ քայլերի համար պատասխան է տալու ողջ հայ ազգն ու Հայաստանն ու Արցախը:

Վահրամ Բագրատյան