Փաշինյանը հիացած է Պուտինով, սակայն անպատասխան

Փաշինյանը հիացած է Պուտինով, սակայն անպատասխան

Հիացած եմ Պուտինի՝ հարցեր լուծելու օպերատիվությամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ական պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում է՝ ՌԴ-ի թիվ մեկ ռազմավարական հակառակորդ երկրում, իսկ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում հիացած է Վլադիմիր Պուտինով. սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ականների ինտելեկտուալ և բարոյական նկարագրի մասին:

Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը «ընդդիմադիր» շրջանում քննադատում էին «նախկիններին» ՌԴ-ի հետ սերտ կապեր հաստատելու, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու  համար, իսկ այսօր Փաշինյանը կոմպլիմենտներ է ձոնում Պուտինին՝ իշխանության մնալու համար:

Հայ-ռուսական ռազմավարական կապերն իրոք կարևոր են՝ ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման և թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու տեսանկյունից, սակայն 2018թ.-ից ի վեր ՔՊ-ն ամեն ինչ արեց ՀՀ-ՌԴ կապերը խաթարելու և գրեթե զրոյական կետի հասցնելու համար:

ՌԴ-ն հենց Հայաստանին ու հայ ժողովրդին է համարում դաշնակից և բարեկամ, այլ ոչ թե ՀՀ այսօրվա իշխանություններին: ՔՊ-ն հասկանում է Մոսկվայի իրական, ոչ հրապարակային վերաբերմունքն իրենց թիմի նկատմամբ, և Փաշինյանը Վլադիվոստոկում ջանք ու եռանդ չէր խնայում Պուտինի հայացքն որսալու համար:

ՔՊ-ի օրոք ՀՀ արտաքին քաղաքականությունը, ցավոք, հասել է քծնանքի մակարդակի, իսկ քծնողներին չեն հարգում, նրանց ուղղակի օգտագործում են ի շահ իրենց տարբեր գերտերություններ:

Վահրամ Բագրատյան