Կիրակի վաղ առավոտյան, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում և մոտակա տարածքում, շենքերի բակերում ոստիկանները արդեն հրաման էին ստացել ու շրջափակել էին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Փաշինյանի անվտանգությունն էին ապահովում։ Երբեք այդքան ոստիկան ու ԱԱԾ աշխատակից եկեղեցում չէր եղել, ինչպես այսօր։
Մինչ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը առաջնորդարանից դուրս կգար, այնքան վախեցած էր, որ առաջնորդարանի պատուհանից ծիկրակում էր, ըստ երևույթին ուզում էր հասկանալ, թե արդյո՞ք բակում լրագրողներ կան, թե ոչ։ Մինչդեռ MediaHub-ի տեսանկարահանող խումբը տեղում էր։ Կճոյանը առաջնորդարանից, իրեն վայել կեցվածքով դուրս եկավ քահանաների ուղեկցությամբ։ Այն հարցին, թե ինչու՞ եք մասնակցում կեղծ պատարագին, չէ՞ որ այս ամենը Կաթողիկոսի դեմ է. Լռեց, չպատասխանեց, ավելին սաստեց ներկա լրագրողներին, թե ինչու են նրանք այնտեղ։
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ Նավասարդ Կճոյանի անմիջական տնօրինությամբ մատուցվող պատարագի ընթացքում, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության «հավատավոր» անդամներով, կրկին ինչպես մյուս եկեղեցիներում, որտեղ Փաշինյանը մասնակցել է այս ընթացքում կեղծ պատարագի, այս անգամ էլ դիտավորյալ զեղչվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
Պատարագին մասնակցող հավատացյալները չլռեցին, պատարագի ընթացքում վրդովմունքից սկսեցին բղավել և բարձրաձայնել Կաթողիկոսի անունը՝ ցույց տալով իրենց ցասումն ու դժգոհությունը:
Հայերին, որոնք պատարագի ժամանակ վանկարկեցին Կաթողիկոսի անունը, եկեղեցուց ոստիկանները բիրտ ուժով դուրս հանեցին ու բերման ենթարկեցին ըստ կարգի Կաթողիկոսին հիշատակելու համար։
Կճոյանը վախի ու եղածը չկորցնելու նախապայմանով էր ըստ երևույթին Փաշինյանի ձեռքը համաձայնել սեղմել, ու դրա արդյունքում էր, որ Կճոյանը համաձայնել էր պատարագ մատուցել Փաշինյանի համար։
Ինչպես ասում են «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։
Կեղծ պատարագին չէին մասնակցում այն սրբազանները, որոնք դավաճանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գնացել ու խոնարհվել էին Փաշինյանի առջև։
Մենք լավ գիտենք Փաշինյանին։ Նա սկզբում սիրում է օգտագործել, հասնել իր մուրազին, հետո նոր ըստ իր կարգի պատժել։
Ով հեշտությամբ համաձայնում է գնվել, նա հեշտությամբ էլ հետագայում վաճառվում է։
Հիշեցնենք, որ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու կեղծ պատարագին մասնակցում էր նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Արթուր Հայրապետյան
