Փաշինյանի նոր «պլանը»

Փաշինյանի նոր «պլանը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն են, որոնց առաջարկած օրենսդրական փոփոխությունները կարող են նոր հարված հասցնել ընտրական ինստիտուտին:

Ի՞նչ են առաջարկում պատգամավորները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ներկայացրել են օրենքի նախագիծ: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:

Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, և ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու:
ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, և հնարավոր լինի ընտրողների հետևը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը և, որ ամենակարեւորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքա՞ն հեռավորություն պետք է պահպանի ընտրողից:

Վերահսկելի հանձնաժողով, նոր խաղի կանոններ

Երբ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում «տեղավորեց» իր յուրային Վահագն Հովակիմյանին, արդեն պարզ էր, որ Հայաստանում ավարտվում է օրինական ընտրությունների պայմանական փուլը, և իշխանությունները կազմակերպչական ու օրենսդրական հիմքեր են ստեղծելու՝ «հարմար» ընտրություններ անցկացնելու համար: Հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Աղազարյանի ու Ասլանյանի նախաձեռնությունը, մանավանդ, որ պատգամավորական այս զույգը, որպես կանոն, հայտնի է նրանով, որ սատարում է Փաշինյանի ոչ պոպուլյար բոլոր նախաձեռնությունները:

Վահրամ Բագրատյան