Փաշինյանի հերթական կեղծիքը

Փաշինյանի հերթական կեղծիքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե 100 մահապարտ է պետք, որոնք կյանքը կզոհեն և մինչև վերջ կգնան։

«Եթե մահապարտների ջոկատ կազմող էին, իրենք էին ընդունել սկզբունքները, որոնցով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ուրիշ բան՝ ճանաչել են դրսում, ներսում եկել, մահապարտի ջոկատներ են կազմել։ Իսկ նշված մահապարտների ջոկատները՝ նշված մարդու նման նախարարական կաբինետներում նստած, զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ»,- ասել է Փաշինյանը։

Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետի խոսքի ներքաղաքական ենթատեքստը, ինչը, թերևս, բնական է իշխանություն-ընդդիմություն պայքարի համատեքստում:

Ավելի էական է այն հանգամանքը, որ Փաշինյանը հերթական անգամ կեղծում է ԼՂ կարգավորման պատմությունը, Հայաստանի նախկին ղեկավարներին վերագրում է մի բան, որը նրանք չեն արել: Հայաստանի նախկին երեք նախագահները գուցե շատ սխալներ են թույլ տվել, սակայն նրանցից որևէ մեկը ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս, Փաշինյանն այդ կեղծ թեզը հաստատող որևէ փաստաթուղթ, ապացույց ներկայացնել չի կարող:

Միակ բացառությունը, թերևս, եղել է 1998-ի «Ընդհանուր պետության» կարգավորման տարբերակը, սակայն այդ լուծման կողմնակից Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվում էր այն թեզով, որ լուծման այդ փաթեթը ԼՂ-ին փաստացի անկախություն է երաշխավորում՝ նրան ձևականորեն թողնելով Ադրբեջանի կազմում:

Բացի այդ, «Ընդհանուր պետության» տարբերակն այդպես էլ չի ընդունվել Բաքվի կողմից, ըստ այդմ՝ Փաշինյանի կողմից չի կարող վկայակոչվել որպես ապացույց:

Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանը երեկ հակադրվեց նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին, ով նախօրեին ասել էր, թե Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ միանշանակ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս:

Փաստորեն, Փաշինյանը «խաչակրաց պատերազմ» է հայտարարել պատմությանն ու իրականությանը:

 

Վահրամ Բագրատյան