Իշխանության մանիպուլյացիա

Իշխանության մանիպուլյացիա

Վերջապես ո՞վ է վերահսկողություն իրականացնելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ, հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ այն պետք է իրականացնի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:

Երեկ այս հարցին բավական ուշագրավ պատասխան է տվել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, խոսվում է ավելի շատ մոնիտորինգի ֆունկցիայի մասին, որը պետք է ռուսական ФСБ-ն իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողություն, բայց, կրկնում եմ, ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են»,- ասել է նա։

Նախ, սկսենք նրանից, որ Կոստանյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Համենայնդեպս, եռակողմ հայտարարության 9-րդ կետում խոսվում է ոչ թե ռուսական մոնիտորինգի, այլ վերահսկողության մասին:

Սակայն այս «մանրուքը» մի կողմ թողնենք:

Լեգիտիմ կասկած է առաջանում, որ Փաշինյանի իշխանությունը տեղի է տվել Մոսկվայի ու Բաքվի ճնշումներին ու որոշել է գնալ կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումներով:

Ինքնիշխանության մասին անընդհատ ճամարտակող իշխանությունը «քարոզչական կտերով» կերակրում է հասարակությանը՝ բանակցային գործընթացում զիջելով դիրքերը: Սա եղել ու մնում է Փաշինյանի հետպատերազմյան դիվանագիտության «փիլիսոփայությունը»:

Իսկ Վահան Կոստանյանի նման կադրերը հանրային կարծիք ձևավորելու «առաքելություն» ունեն:

 

Վահրամ Բագրատյան