Ինչի՞ շուրջ են վիճում Երևանն ու Բաքուն

Ինչի՞ շուրջ են վիճում Երևանն ու Բաքուն

Հայ-ադրբեջանական ապաշրջափակման գործընթացը սկսվելու է դեպի Նախիջևան տանող Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից: Մհեր Գրիգորյանն ասում է՝ այդ հարցով կա կոնսենսուս։ 

Փոխվարչապետը կարծում է՝ նաև կողմերի ընկալումն է վերջնական, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության ու ինքնիշխանության ներքո, որոնցով անցնելու է երկաթգիծը։ Ապաշրջափակման հարցում գլխավոր տարաձայնությունն, ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի, այն է, թե ո՞վ է ապահովելու երկաթուղու ուղևորների անվտանգությունը։

Պաշտոնական Բաքուն հղում է անում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը վերապահում է ռուսական կողմին: Պաշտոնական Երևանը նման պայմանավորվածությունը հերքում է, բայց իշխանության մակարդակով հնչում են հակասական հայտարարություններ:

Օրինակ, Մհեր Գրիգորյանն ասում է, որ ռուսների կողմից տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովման պարամետրերը ենթակա են քննարկման, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես, այլ բան է պնդում՝ ակնարկելով, որ անվտանգությունն ու սահմանային հսկողությունն իրականացնելու է Հայաստանը:

Վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը մի նոր տերմին շրջանառեց՝ ռուսական վերահսկողության փոխարեն խոսելով մոնիտորինգի մասին:

Վերջին հաշվով ակնհայտ է, որ կոմունիկացիաների հարցում ունեցած սկզբունքորեն տարբեր մոտեցումներն են հայ- ադրբեջանական վերջին օրերի լարվածության պատճառներից մեկը ու խնդիրը շուտափույթ քաղաքական կարգավորման անհրաժեշտություն ունի:

 

Վահրամ Բագրատյան