Ալիևի հերթական ագրեսիվ ուղերձը

Ալիևի հերթական ագրեսիվ ուղերձը

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է», - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Թուրքիայի նախագահը ևս երեկ Բաքվում չի շրջանցել այս թեման, պնդելով, թե հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում պետք է օր առաջ ապաշրջափակվեն։

«Զանգեզուրի միջանցքի բացման հարցը պետք է արագորեն լուծել։ Այդ ճանապարհի բացումը կթեթևացնի նաև տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի և Նախիջևանի միջև», - հայտարարել է Էրդողանը։

Այսպիսով, Բաքվում ակնհայտորեն դարձյալ օրակարգ են բերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:

Իսկ ի՞նչ հակազդեցություն ենք տեսնում Երևանից:

«Իմ ընկալմամբ՝ խնդիրը հետևյալն է՝ խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժման մասին, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում, ենթադրենք, Բաքվից Նախիջևան գնալուց և այդ ենթադրում է, իր պատկերացմամբ, որ մենք պետք է ինչ-որ այլ տարբերակ հասկանանք հեշտացված, ինչպես նաև, օրինակ, երբ որ Նախիջևանի տարածքով, ենթադրենք, մենք իջնենք Մեղրի», - երեկ ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունը ինքնիշխանության մասին խրոխտ հայտարարությունների ֆոնին իրականում բանակցում է մի տարբերակի շուրջ, որը կարող է տեղավորվել, այսպես կոչված, «սովորական ճանապարհից տարբերվող, բայց՝ ոչ միջանցք» տրամաբանության մեջ:

Սա, ըստ էության, այն է, ինչ ենթադրվում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, եթե նույնիսկ հետպատերազմյան ստատուս-քվոն էապես «խմբագրվել» է:

Փաշինյանի ու մյուսների «խրոխտությունն» ընդամենը ներքաղաքական հնարք է՝ արդարացնելու համար այն ապիկար մոտեցման ձախողումը, թե իբրև Արցախը «փուռը տալով»՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվել է:

 

Վահրամ Բագրատյան