Միակ ռացիոնալ ելքը Փաշինյանի հրաժարականն է

Միակ ռացիոնալ ելքը Փաշինյանի հրաժարականն է

Այսօր ընդդիմությունը Երևանում չորս մեծ երթեր անցկացրեց՝ ցույց տալով, որ այլևս փողոցն է օրակարգ թելադրողը։
Իհարկե, քաղաքականության մեջ կատեգորիկ պնդումներ անելը շնորհակալ գործ չէ ու այս հոդվածի խնդիրն ամենևին էլ այն չէ, որ մենք կանխատեսենք, թե երբ կամ ինչպիսի հանգուցալուծում կունենա ներքաղաքական այս հակադրությունը։
Այլ բանի մասին ենք ուզում խոսել՝ դա Փաշինյանի իշխանության տոտալ ճգնաժամն է։
Փաստացի վարչապետն իր իշխանությունը պահում է բացառապես ռեպրեսիվ մեթոդներով՝ զրկվելով հանրային աջակցության բոլոր ռեսուրսներից։ Նման իրավիճակներում՝ իշխանությունը հայտնվում է ճգնաժամի մեջ։
Որտեղ կան ռեպրեսիաներ՝ այնտեղ անիմաստ է խոսել ներքին բարեփոխումների, տնտեսական ներդրումների, զարգացման ծրագրերի մասին։ Այսինքն, ինչքան երկար պաշտոնավարի Փաշինյանն, այնքան ավելի իրական է դառնում հեռանկարը, որ գործ ենք ունենալու թույլ ավտորիտար երկրի հետ՝ առանց զարգացման հեռանկարի, հետամնաց տնտեսությամբ, աղքատության բարձր մակարդակով։
Մյուս խնդիրը՝ արտաքին քաղաքականությունն է։
Հայաստանը կանգնած է բարդ խնդիրների առաջ, որոնք կապված են ԼՂ խնդրի կարգավորման, հայ- ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական դիալոգի հետ։ Ինչպե՞ս կարող է նման բարդ խնդիրներ լուծել մի իշխանություն, որն երկրի ներսում այլևս չունի հանրային աջակցություն։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Փաշինյանն արտաքին գործընկերների հետ գա ինչ-որ պայմանավորվածությունների, ապա դրանք միանշանակ մերժվելու են հասարակության կողմից, որևէ օրակարգի շուրջ տեղի չի ունենալու քաղաքական ու հանրային կոնսոլիդացիա։ Նման փակուղային իրավիճակում միակ ռացիոնալ ելքը Փաշինյանի հրաժարականն է։

Վահրամ Բագրատյան