Բազմաշերտ պայքար․ ե՞րբ կգա կուլմինացիայի պահը

Բազմաշերտ պայքար․ ե՞րբ կգա կուլմինացիայի պահը

Երեկ, Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ընդդիմությունն իր գործի 60-70 տոկոսն արել է։
Այս հայտարարությունն ուշագրավ է ոչ թե այն պատճառով, որ պայքարի արդյունավետությունը գնահատվում է տոկոսներով, այլ այն հանգամանքով, որ Սաղաթելյանի հայտարարությունը վկայում է ընդդիմության գործողությունների, պայքարի ծրագրային բնույթի մասին։ Այլ խոսքով, միացյալ ընդդիմությունն ունի մանրակրկիտ մշակված ծրագիր ու կարողանում է գնահատել դրա կատարողականը՝ ըստ կատարված քայլերի ու առաջին հերթին՝ հասարակության արձագանքի։ Այսօրվանից, օրինակ, ընդդիմության գործունեությունն ավելի բազմաշերտ է լինելու՝ բովանդակային ու աշխարհագրական առումներով։

Ավտոերթ, կանանց ցույց, երեկոյան հանրահավաք․ սրանք միջոցառումների երևանյան հատվածն է։ Այսօր ընդդիմության ղեկավարությունը մեկնում է Վանաձոր, որտեղ նախատեսված է հանրահավաք։
Շատ կարևոր է, որպեսզի մարզային այցերի ժամանակ ընդդիմության գործիչները տեղերում կարողանան ապահովել համազգային ու տեղական օրակարգերի ներդաշնակությունը։ Սա գործոն է, որն, անկասկած, մեծացնելու է հասարակության կոնսոլիդացիայի մակարդակը։ Օրինակ, նույն Վանաձորում հնարավոր չէ անտեսել իշխանության բացարձակ «բեսպրեդելը», ինչի հետևանքով մինչև այսօր ոչ միայն  տեղական իշխանություն չի ձևավորվել, այլ նաև քաղաքական հետապնդումների են ենթարկվում դեկտեմբերի 5-ի ընտրություններում հաղթած քաղաքական ուժն ու նրա կալանավորված առաջնորդը՝ Մամիկոն Ասլանյանը։

Օրակարգի բազմաշերտությամբ հանդերձ՝ մեր հասարակությունն անընդհատ հարց է ուղղում հարթակին, թե երբ է վրա հասնելու կուլմինացիան՝ Փաշինյանի հրաժարականի պահը։ Թերևս, ընդդիմադիր հարթակը պետք է որոշակի պարզաբանում տա «ճանապարհային քարտեզի մասին»՝ ավելի մեծ բացվածքով։

Վահրամ Բագրատյան