Փաշինյանի «ժողովրդավարությունն» ու «ադեկվատությունը»

Փաշինյանի «ժողովրդավարությունն» ու «ադեկվատությունը»

Հայաստանի վարչապետն այսուհետ կկարողանա համայնքների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակել ավագանու խորհրդի կազմից: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում: Քննարկումն ու քվեարկությունն անցկացվել են արագացված ռեժիմով:
ԱԺ երեկվա արտահերթ նիստի հետ կապված՝ երկու դիտարկում։ Իշխանությունը, թերևս, կորցրել է քաղաքական ադեկվատությունը։ Այն ժամանակ, երբ երկիրը գտնվում է ներքաղաքական բազմաշերտ ճգնաժամի մեջ ու Երևանի փողոցները հեղեղված են հազարավոր ցուցարարներով, երկրի թիվ մեկ մարմինը քննարկում է մի հարց, որն ընդհանրապես չունի ակտուալություն, անգամ իսկ ավելացնում է մի վարչապետի լիազորություններ, ում հրաժարականը պահանջում է հասարակության մի զգալի մասը։

Միակ բանական բացատրությունն այն է, որ ոստիկանական «պատերով» հասարակությունից կտրված իշխանությունը կորցրել է իրականության զգացումը։ Մյուս կողմից, ընդունված օրենսդրական փոփոխությունն ամբողջովին հակադեմոկրատական է ու ամբողջովին հարմարեցված է իշխանության ավտորիտար նկրտումներին։
Ավելի պարզ՝ ԱԺ երեկվա նիստն առավելապես երկու համայնքներում՝ Վանաձորում ու Թալինում, իշխանության «սրտի թեկնածուներին» համայնքապետերի ԺՊ-ներ նշանակելու մասին է։ Նման խայտառակ հատվածայնություն ու կլանային դրսևորում չի եղել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացում։

Այն ժամանակ, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է, Նիկոլ Փաշինյանի «դարդ ու ցավը» ՏԻՄ ինստիտուտը «մենաշնորհելն է»։ Ահա, թե ինչ պետք է իմանալ Փաշինյանի «ժողովրդավարության» ու «ադեկվատության» մասին։

Վահրամ Բագրատյան