Ի՞նչ է ենթադրում Պեսկովի արձագանքը

Ի՞նչ է ենթադրում Պեսկովի արձագանքը

Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում անկայունության շրջանը հնարավորինս շուտ ավարտվի։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ընդգծել է, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետության ներքին գործն է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, ինտեգրացիոն ձևաչափերի գործընկերը, մեծ բարեկամը։ Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում ավարտվի ծանր շրջանը և վերադառնա կայունությունը, ինչը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»։ Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ իրավիճակի կարգավորումն ընդհանուր առմամբ Հայաստանում պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Մոսկվայի արձագանքը, մեծ հաշվով, կանխատեսելի էր։ Ռուսաստանը Հայաստանում կարիք չունի հատուկ դաշնակիցների, որովհետև մեծ հաշվով՝ բոլոր մագիստրալ ուժերը հավատարիմ են հայ- ռուսական ռազմավարական գործընկերությանը ու հետևաբար՝ Մոսկվան կարող է աշխատել Հայաստանի ցանկացած իշխանության հետ։
Պեսկովի արձագանքի մեջ ուշագրավ է այլ հանգամանք։

Հայաստանում ծավալված ընդդիմադիր շարժումն այլևս այնպիսի գործոն է, որ դրան հատուկ անդրադառնում են միջազգային առանցքային կենտրոններում։ Սա ինքնին նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերներն ընդունում են այն իրողությունը, որ մեր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որը հանգուցալուծման անհրաժեշտություն ունի։

Մյուս կողմից՝ թե մեր միջազգային գործընկերները և թե  թշնամիներն այս օրերին հասկացան, որ ԼՂ խնդրում, արտաքին քաղաքական հարցերում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում մեր հասարակության մանդատը։ Սա ինքնին նշանակում է, որ Հայաստանի ընդդիմությանն ու հասարակությանը հաջողվել է բարձրացնել մեր ազգային, պետական ակնկալիքների նշաձողը։

Վահրամ Բագրատյան