Խաղաղությունից խոսողները «իդիոտներ» են, բթամտիկներ․ Պարույր Հայրիկյան

Խաղաղությունից խոսողները «իդիոտներ» են, բթամտիկներ․ Պարույր Հայրիկյան

«Խաղաղության դարաշրջանն» այլընտրանք չունի․ իշխանությունն ուղիղ գծով գնում է դեպի «խաղաղության պայմանագիր», որը մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինի։ Իսկ ինչպե՞ս գնալ այդ, այսպես կոչված, խաղաղությանը, երբ դեռ երեկ թշնամին հայ ռազմագերիների էր գնդակահարում, ամեն պատեհ-անպատեհ առիթով էլ շեշտում է՝ եթե Հայաստանը չկատարի իր պահանջները, ապա ինքն ուժով կհասնի ցանկալի արդյունքի։

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

Նրա խոսքով՝ խաղաղությունից խոսողները «իդիոտներ» են։ «Ընդհանրապես, բոլոր ազգերն էլ ձգտում են խաղաղության։ Ու ազգերն ունենում են ժամանակավոր ղեկավարներ, որոնք հարկադրում են իրենց կամքը։ Բայց և այնպես, կան մնայուն արժեքներ, որոնց կարելի է ձգտել։ Բայց այս ամենի մեջ ամենակարևոր արժեքը ինքնորոշումն է։ Քանի որ առանց ինքնորոշման իրավունքի ամեն ինչ զրո է՝ սկսած մարդուց, վերջացրած ազգով»,- ասաց Հայրիկյանը։

Ըստ նրա՝ հարաբերություններում պետք է միշտ ինքնորոշման սկզբունքը լինի, սակայն այդ ինքնորոշումն էլ չի կարող հասնել խելագարության, և դրա սահմանը հետևյալն է՝ ես ինքնորոշվում եմ՝ հարգելով քո ինքնորոշման իրավունքը։

«Դրանից բացի կա միջազգային իրավունք, և արդարության վերականգնման հարցում միջազգային իրավունքի գերակայության ընդունում։ Սրանք բառակույտի կվերածվեն, եթե դու դրանց առարկայական դրսևորման մասնակից չես։ Արցախի վերաբերյալ առանցքային խնդիրը մնում է՝ շարունակել պահպանել տվյալ տարածաշրջանը որպես միջազգային հանրության ազդեցության ենթակա գոտի, ինչպես աշխարհի որևէ քաղաքակիրթ երկիր»,- նշեց նա։

Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ՝ հենց միջազգային հանրությունը հեռացավ այստեղից, մենք ունեցանք նոյեմբերի 9-ը․

«Դա թշնամու նպատակն է․ վատ գործ անողները միշտ փորձում են մենակ մնալ, որ ոչ ոք չտեսնի»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախի հարցում որևէ դրական տեղաշարժ ունենալու համար պետք է այդ հարցի առավելագույն միջազգայնացմանը հասնել։

«Մեզ մոտ կար այդ հնարավորությունը, բայց հակառակորդն աշխատեց, իսկ մենք ունենք բթամտիկներ՝ մեծամիտ, այլանդակ, անաստված, հպարտ բառը փառաբանող բթամտիկներ»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Բացի այդ, մարդկային հարաբերությունների հիմքում կա մի ոսկե կանոն՝ մեծերին պատվելը, ինչն, ըստ Հայրիկյանի, այս իշխանության կողմից չի արվում։

«Իսկ գիտակ մարդկանց մեկուսացնելով՝ դու սատկած աթոռդ ես պահում, թեև դրանով մեծ վատություն ես անում քո զավակներին։ Սա մեծագույն չարիք է»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց, որ այս վիճակի պատճառը նաև իշխանություն ունեցողների նկատմամբ վերահսկողության բացակայությունն է, իսկ այդ վերահսկողությունը կարող էր լինել, եթե մենք լավ գրված Սահմանադրություն ունենայինք։

«Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հայրիկյանը։ Իսկ հիմա, ըստ մեր զրուցակցի, միակ ճանապարհը Արցախի հարցի հնարավորինս միջազգայնացումն է։

 Նարե Գնունի