Զվարճալի սցենար կարող է զարգանալ․ Կարեն Քոչարյան

Երեկ Երևանը համայնքային իշխանություն ընտրեց։ Ինչպես արդյունքները ցույց տվեցին, քաղաքական և ոչ մի ուժ չհատեց 50%-ի շեմը և հնարավորություն չստացավ միանձնյա ստանձնելու իշխանությունը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սա սպասելի էր։
«Վերջին օրերին ես հստակ հայտարարում էի, որ եթե լինի մի քաղաքական ուժ, որը 50 տոկոս և ավելի ձայն կհավաքի, ապա վստահաբար, ընտրությունները մասսայաբար կեղծվել են»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, որ հիմա գնդակն ընդդիմության դաշտում է, և եթե քաղաքական երեք ուժերը՝ «Հանրային ձայնը», «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» միասնականություն դրսևորեն, ապա քաղաքային իշխանափոխություն կլինի, քաղտեխնոլոգն արձագանքեց՝ Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի։
«Անդրանիկ Թևանյանը ևս, ըստ իս, դեմ չի լինի, որ Հայկ Մարությանը լինի քաղաքապետ, քանի որ նրա թիմը հայտարարում էր՝ գալիս է իշխանափոխություն իրականացնելու համար ու հիմնական նպատակը ՔՊ-ին հեռացնելն է»,- նշեց Թևանյանը։
Մեր դիտարկմանը, որ Հայկ Մարությանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Անդրանիկ Թևանյանն էլ է իր կարծիքով նախկինների գծում, Կարեն Քոչարյանն արձագանքեց՝ շատ զվարճալի կլինի, որ Անդանիկ Թևանյանն ու Վարդան Ղուկասյանը կողմ լինեն Մարությանի՝ քաղաքապետ դառնալուն, իսկ վերջինս ասի, որ չի ուզում համագործակցել այդ ուժերից որևէ մեկի հետ.
«Դա շատ զվարճալի կլինի»,- նշեց Քոչարյանը։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ սցենարներ կարող են լինել, եթե ընդդիմությունը միասնականություն ցուցաբերի, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ կարող է լինել թե՛ Վանաձորի սցենարը, երբ ընտրված թեկնածուի նկատմամբ քաղաքական հետապնդում կսկսվի, կարող է լինել նաև Բերդի սցենարը՝ «անասնագողություն» կլինի և ընդդիմադիր ուժերից որևէ մեկից որևէ մեկը կանցնի իշխանության կողմը։
«Սցենարները շատ են, ուստի պետք է սպասել։ Հնարավոր է, որ երկրորդ անգամ ընտրություններ անցկացվեն, եթե սահմանված ժամկետում քաղաքապետ չընտրվի, բայց դա ՔՊ-ի համար բացարձակ ցանկալի սցենար չէ»,- ամփոփեց խոսքը Կարեն Քոչարյանը։
Նարե Գնունի