Եթե ընդդիմությունը իսկական ընդդիմություն է, ապա մենք կմիանանք. Ուրիխանյան

Եթե ընդդիմությունը իսկական ընդդիմություն է, ապա մենք կմիանանք. Ուրիխանյան

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել և հրավիրել է «Մայր Հայաստան» դաշինքին և «Ազգային առաջընթաց»  կուսակցությանը քննարկման։ 

MediaHub-ի հետ զրույցում «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ պատրաստվում է վերցնել Երևանի ավագանու մանդատը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ինքը ՀՀ-ում չի գտնվում այս պահին և արդյոք դա չի ազդի իր՝ մանդատ վերցնելու որոշմանը, արձագանքեց.

«Ի՞նչ կապ ունի վերադառնալը վերցնելու հետ և այդ ե՞րբ ես չեմ վերադարձել։ Այո, ես իմ մանդատը վերցնելու եմ և եթե ընդդիմությունը իսկական ընդդիմություն է, ապա մենք կմիանանք և ՔՊ-ին կշպրտենք Երևանի կառավարումից դուրս, ինչն էլ ի սկզբանե եղել է մեր հիմնական ծրագրային գաղափարական նպատակային կետերից մեկը»,- ասաց նա։

Ուրիխանյանի խոսքով, հիմա մնում է միայն հետևել իրադարձություններին և սպասել հրապարակումների և պատասխանների։ 

Հիշեցնենք, անցած հոկտեմբերին Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ գտնվում է՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործով  պայմանավորված: Մի քանի ամիս անց նա հայտնեց, որ գործը կարճվել է, բայց նա այս պահին էլ շարունակում է գտնվել երկրից դուրս և պարբերաբար հանդես է գալիս բացահայտումներով: Թիրախներից մեկը, ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որի խմբակցության պատգամավոր էր Ուրիխանյանը:

Երեկ տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները:  Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Ըստ արդյունքների՝ ապագա ավագանիում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ: Իշխանությունը՝ ի դեմս ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի, մեծամասնություն չունի և չի ունենում, անգամ եթե Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի իշխանության հետ:

Մարիա Զարգարյան