Ընդդիմադիր քաղաքապետ չենք ունենա՝ Հայկ Մարությանը նման պատրաստակամություն չունի. փորձագետ

Մենք արդեն գործ ունենք միայն քաղաքական հաշվարկի հետ, այնպես որ այստեղ ստույգ գնահատական տալ հնարավոր չէ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ու հնարավոր զարգացումները մասնավորապես կոալիցիա կազմելու շուրջ։
«Քաղաքական հաշվարկները կախված են մի շարք հանգամանքներից, բայց ես, այնուամենայնիվ, չեմ ակնկալում, որ մենք կունենանք ընդդիմադիր քաղաքապետ, որովհետև չեմ կարծում, որ նման պատրաստակամություն ունի Հայկ Մարությանը, ով էլ հենց կարող է այդպիսին դառնալ։ Ես չեմ կարծում նաև, որ իշխանությունը գոնե մեկ ընդդիմադիր ավագանի չի կարողանա «գնել» կամ «կաշառել», և ունենալով բավականին հարուստ փորձ պարտված ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շտկելու առումով, այս անգամ նույնպես կօգտագործի իր միջոցները»,- նշեց մեր զրուցակիցը։
Միքայելյանի խոսքով ՝ երեկ մենք ունեցանք ոչ միայն Ավինյանի ցածր տոկոսը, այլ, օրինակ, որոշ ուժերի բարձր տոկոս, որոնք առանց իշխանության լուրջ աջակցության այդքան ձայն չէին կարողանա հավաքել: Խոսքը, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության մասին է։ Ըստ մեր զրուցակցի, գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, որտեղ իշխանությունը պատրաստ չէ գնալ աթոռազիջման և պատրաստ է լինելու ցանկացած միջոցների, որոնք ենթադրելի է, որ կգտնի, որպեսզի Երևանում չլինի ընդդիմադիր քաղաքապետ:
Միևնույն ժամանակ, փորձագետը ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը նույնպես չի բացառում։
«Եթե «Ապրելու երկիր» կուսակցությունը բողոքարկելու դեպքում կարողանա անցնել շեմը և հայտնվել ավագանիում, ապա պատկերը կտրուկ և միանգամայն կփոխվի և ուժերի դասավորվածությունը լիովին այլ գույներ կստանա: Բայց այս սցենարը ես համարում եմ քիչ հավանական»,- եզրափակեց Միքայելյանը։
Մարիա Զարգարյան