Մայր Հայաստանը կընդունի՞ արցախցիներին

Մայր Հայաստանը կընդունի՞ արցախցիներին

Արցախը երեկ 13:00-ին հանձնվեց թշնամուն, այդպիսով 120 հազար հայեր 2023 թվականին դարձան «Դերզորի ճամփորդ»։ 

Մարդիկ, որոնք թշնամու հարձակման պահին պատսպարվել էին տարբեր ապաստարաններում, մինչ այս պահը փնտրում են իրենց հարազատներին․ մայրը չգիտի՝ երեխաներին դպրոցից որ նկուղ կամ ապաստարան են տարել, աշխատանքի գնացած ամուսինը չգիտի՝ որտեղ են կինն ու երեխաները։ Մի խոսքով, Արցախում բառի բուն իմաստով ցեղասպանություն է, թեև միջազգային հանրությունն այդ մասին լռում է։

Այս համատեքստում Հայաստանն ու մեր իշխանությունը հստակ հայտարարեցին՝ պատերազմական գործողությունների մեջ չեն ներգրավվելու, Արցախին ու անվտանգության երաշխավոր՝ ռուս խաղաղապահները։ Բացի այդ, մամուլում լուրեր տարածվեցին, թե ՀՀ իշխանությունը հրաժարվում է ընդունել արցախցի մեր հայրենակիցներին։ Այս հայտարարություններին պաշտոնական Երևանից, ըստ էության, արձագանք չեղավ։ 

Այնուամենայնիվ, արցախցիները չեն կորցնում հույսը, և դեռ հավատ ունեն, որ Մայր Հայաստանը կընդունի իրենց։ Վաղ առավոտից մի խումբ արցախցիներ սոցցանցերում հրապարակումներ են անում, խնդրում Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը քայլեր ձեռնարկել ու իրենց Արցախից բերել Հայաստան։

Իսկ ի՞նչ քայլեր է նախաձեռնում Հայաստանը, արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունել մեր արցախցի քույր-եղբայրներին․ MediaHub.am-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին՝ այս պահին չեն կարող տեղեկատվություն տրամադրել, բայց հայտարարություն կլինի։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։

«ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ»,- ասացին Փաշինյանի աշխատակազմից։

Նարե Գնունի