Միայն մեկ նպատակ ունենք, և դա հաղթանակն է. Եղիշե Մելիքյանը՝ «Դյուդելանժ»-«Փյունիկ» խաղի մասին

Միայն մեկ նպատակ ունենք, և դա հաղթանակն է. Եղիշե Մելիքյանը՝ «Դյուդելանժ»-«Փյունիկ» խաղի մասին

Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Դյուդելանժ»-«Փյունիկ» պատասխան խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիս է տվել:

«Տնային խաղում անհաջող ենք հանդես եկել: Շատ հիասթափված էինք: Ես տրիբունաներում էի՝ երկրպագուների հետ: Զգացինք, որ շատ տխրեցրինք երկրպագուներին: Դա ինձ վրա շատ է ազդել: Ավելի լուրջ ենք տրամադրված: Իրավունք չունենք հիասթափեցնելու մեր ժողովրդին, երկրպագուներին, ովքեր մեր կողքին են: Մենք շատ լավ պատրաստված ու շատ պատասխանատու՝ եկել ենք մեր արդյունքի հետևից: Ավելի լավ ենք ճանաչում հիմա մրցակցին: Լավ գիտենք, թե ինչպես պետք է խաղանք: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք ոչ թե մեկ պլան, այլ 3: Հուսով եմ՝ դրանցից մեկը կաշխատի ու մենք կհասնենք հաջողության: Մեր հարձակվողները խոսք ունեն ասելու: Հուսով եմ՝ այդ խոսքը կլինի հենց այս խաղին: Մենք մոտիվացիայի խնդիր չունենք: Ասել եմ, որ մեր խաղացողները միայն հաղթանակով պետք է դուրս գան այս մարզադաշտից: Պարտավոր ենք գոլ խփել, և մենք դա կանենք: Միայն մեկ նպատակ ունենք և դա հաղթանակն է»,- ասել է երևանյան թիմի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում «Դյուդելանժը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Պատասխան խաղը կկայանա այսօր: