Կիպրոսը Իսրայելից «Երկաթե գմբեթ» համակարգ կգնի. ԶԼՄ

 Կիպրոսը Իսրայելից «Երկաթե գմբեթ» համակարգ կգնի. ԶԼՄ

Կիպրոսի ազգային գվարդիայի համար, պաշտպանության նախարարության հաստատումից հետո, ձեռք կբերվի իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ, հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։

Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Կիպրոսի պաշտոնյաները։

Հաղորդվում է, որ Ազգային գվարդիան ցանկանում է համալրել իր զինանոցը «Երկաթե գմբեթ» համակարգով, քանի որ այն ամբողջությամբ ընդգրկում է Կիպրոսին անհրաժեշտ տարածքները։ Մասնավորապես, նշում է լրատվականը, համակարգը համարվում է իդեալական ինչպես հակաօդային պաշտպանության, այնպես էլ թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին դիմակայելու համար։

Հունիսին Կիպրոսը համաձայնագիր է ստորագրել Իսրայելի հետ՝ Կիպրոսի զինվորականների համար անձնական պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Տրամադրված սարքավորումները ներառում են անհատական ​​պաշտպանության եւ դրանք կրելու տակտիկական համակարգեր:

«Կիպրոսի Հանրապետությունը եւ Իսրայելը միջազգային իրավունքի հիման վրա ունեն նույն տեսակետներն ու դիրքորոշումները Արեւելյան Միջերկրական ծովի անվտանգության վերաբերյալ։ Մեր երկու երկրների հարաբերությունները բխում են ընդհանուր շահերից, եւ մենք կաշխատենք էլ ավելի ամրապնդել, ընդլայնել եւ խորացնել մեր պաշտպանական համագործակցությունը։ Մենք ուրախ ենք պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն հաստատելու համար։ Սա փոխշահավետ համագործակցություն է, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը։

Իսրայելի պաշտպանության ուժերը մայիսին համատեղ զորավարժություններ են անցկացրել Կիպրոսի ազգային գվարդիայի ուժերի հետ՝ նմանակելով «Հըզբալլահի» դեմ պատերազմը, որպես մեկամսյա «Charits of Fire» զորավարժությունների մի մաս, նշում է Times of Israel-ը: