Երկակի ստանդարտներ

Երկակի ստանդարտներ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է, ում որդին անպատիժ է մնում՝ հոր կարգավիճակի շնորհիվ: 

Փաշինյանի աջակիցը՝ օրենքից վեր 

Սպիտակ համայնքի ղեկավարի որդին ազատ է արձակվել։ Երեք օր առաջ նա ձերբակալվել էր նույն համայնքի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու կասկածանքով։ Տուժողը՝ Էդգար Հովհաննիսյանն, ուղեղի ցնցում էր ստացել։

Ծեծի պատճառն այն էր, որ Գոռ Նիկողոսյանի համայնքապետ հայրը լարված հարաբերությունների մեջ է Սարամեջի վարչական ղեկավարի հետ:

Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու հոդվածով։ 

«Գոռ Նիկողոսյանն այս պահին արգելանքից ազատ է արձակվել, քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել։ Նախաքննության շրջանակներում վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դեպքի վայրում իրականացված քննչական գործողությունների ընթացքում կոնկրետ նշված տարածքում տեսախցիկներ առկա չեն եղել», - փոխանցում են ՔԿ-ից։ 

Անպատիժ յուրայինները 

Փաստորեն, օրենքն ամբողջ խստությամբ գործում է ընդդիմադիրների նկատմամբ: Օրինակ, որդեկորույս մայրը կարող է կալանավորվել, եթե նույնիսկ փաստաբանները հիմնավորում են, որ նրա արարքում հանցակազմ չկա, իսկ մարդ ծեծող երիտասարդի դեմ նույնիսկ քրեական գործ չի հարուցվում, որովհետև նա կամ նրա հայրը Փաշինյանի յուրայինն է:

Այսպիսինն է Փաշինյանի պատկերացումն արդարադատության մասին:

Վահրամ Բագրատյան