Խաղաղություն չէ՝ կապիտուլյացիա․ մի օր կգան, կասեն՝ էս սարն իմն է, էն ծառն իմն է․․․ կյանքը Բարեկամավանում

Խաղաղություն չէ՝ կապիտուլյացիա․ մի օր կգան, կասեն՝ էս սարն իմն է, էն ծառն իմն է․․․ կյանքը Բարեկամավանում

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ, չնայած հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ համաձայնություն չկա:

Նախորդ տարվա մայիսից Տավուշի մարզի Կիրանցում սկսված դելիմիտացիան այնտեղ էլ, ըստ էության, կանգ է առել։ Ըստ տեղացիների՝ թիթեղյա պատը անվտանգության հուսալի երաշխավոր է միայն Փաշինյանի իշխանության համար, որը գալիս այդ պատի մոտ նկարվում է՝ տասնյակ անվտանգության աշխատակիցներով շրջապատված, իսկ սահմանամերձ գյուղի բնակիչների համար դա իսկական սպառնալիք է։ Գյուղացին գյուղատնտեսությամբ չի զբաղվում։ 

Ոսկեպարի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին գտնվող Բարեկամավանում անհանգստություններ ունեն։ Ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը շուտով կկորցնի իր կենսունակությունը։

«Անկլավները չպիտի հանձնեն, որովհետև այդ դեպքում Բարեկամավան գյուղը կհայտնվի անելանելի վիճակում։ Այս պահին էլ գյուղի երեք կողմում թշնամին է։ Մոտ 18 կմ երկարությամբ ճակատը անմիջապես առնչվում է ադրբեջանական դիրքերին, որոնք ուղիղ գծով գտնվում են գյուղից 800 մետրի վրա։ Բարեկամավանի վարելահողերի մեծ մասն այժմ գտնվում է թշնամու նշանառության տակ։ Անցած տարվանից ընդհանրապես վարելահողերի մեծ մասը չի մշակվում, անասնապահությունը ևս խնդիր է, անասնակերերի տարածքները դիտարկվում են, հաճախ կրակում են»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է բարեկավանցի տղամարդը։ 

 Մեր այն դիտարկմանը, որ իշխանությունն առաջ է տանում խաղաղության օրակարգը և հավանական է շուտով պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ (իշխանությունն այդ մասին շուտ-շուտ հայտարարույմ է), և բացի այդ, Փաշինյանը դելիմիտացված սահմանը համարում է անվտանգ, բերելով Սյունիքի մարզի Շուռնուխ, այժմ արդեն Տավուշի մարզի Կիրանց գյուղերի օրինակները, մեր զրուցակիցն իր զայրույթն է հայտնում՝ բացառելով Ադրբեջանի հետ խաղաղ ճանապարհով հարցի լուծումը։ 

«Նախ, ձեր նշած գյուղերում մարդիկ գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, քանի որ ադրբեջանական կողմը չի թույլատրում։ Եվ հետո, Ադրբեջանը ո՞նց կարող ա խաղաղության համաձայնություն տա, երբ մեր երկիրը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մեր գյուղը ադրբեջանական քարտեզում նշված է Դոսթլու-Քուրումսուլու։ Մի օր կգան, կասեն՝ էս սարն իմն է, էն ծառն իմն է․․․ հասկանո՞ւմ եք, ամեն ինչ կեղծում են էդ մարդիկ։ Ես ոչ մի խաղաղության չեմ հավատում։ Ամեն գիշեր խաղաղ բնակչության հանգիստը կրակահերթերով խանգարող, հայկական գյուղերի, տների, հովիվների վրա կրակող երկրի հետ ո՞նց եք պատկերացնում խաղաղությունը։ Դա կապիտուլյացիա է ոչ թե խաղաղություն»։ 

2023 թվականի գաղթից հետո Բարեկամավանում մի քանի արցախցի ընտանիք է հաստատվել։ Մեր զրուցակիցն ասում է, որ գյուղ աշխուժություն են բերել, քանի որ բազմազավակ ընտանիքներ են հաստատվել։

«Մեր գյուղում երիտասարդ ընտանիքներ քիչ կան, հիմա ամեն կերպ փորձում ենք էդ մարդկանց պահել, որ չգնան, տուն կա 10 երեխա ունի։ Ադրբեջանցիների պատճառով ամեն ինչ կորցրել են եկել, իբր, խաղաղ ապրեն, բայց ստեղ էլ հանգիստ չունեն։ Գնան էլ՝ չենք մեղադրի։ Բայց որ մնան ավելի լավ կլինի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան