«Սուքիասյանի տեսանյութն ապացույց է, որ Ղարաբաղում էթնիկ զտում չի եղել»․ ՔՊ պատգամավորն ադրբեջանական ԶԼՄ-ների սուպերսթար

Վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը, որ ուշի ուշով հետևում և համեմատում է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական լրահոսը, էական տարբերություններ չի նկատել վերջին օրերի հրապարակումներում։ Նա MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի խոսույթում կան նմանություններ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայերին ինչ-ինչ գործողություններում մեղադրելու, Արցախի հայաթափման, Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
«Մեկ-մեկ կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու Ալիևը ղեկավարվում են նույն կենտրոնից, կամ նրանց տեքստերը նախապես ուղարկվում է նույն օթյակից։ Իրավիճակը նույնն է ոչ միայն այդ 2 անձի, այլև 2 երկրների պաշտոնական հաղորդագրություններում։ Օրինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դարձել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցների սուպերսթարը։ «Ահա, իշխող խմբակցության հայ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսում է այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում Ադրբեջանի գործողության ընթացքում տուժածներ չկան: Հետևաբար, պնդումը թե ադրբեջանցիները էթնիկ զտման են ենթարկել Ղարաբաղում ապրող հայ ժողովրդին՝ սխալ է։ Սուքիասյանի այս տեսանյութը պետք է ուղարկվի ԱՄՆ-ի, Փարիզի և Բրյուսելի Հայաստանի բոլոր հովանավորներին, որպես ապացույց, որ էթնիկ զտում չի եղել», գրում են թշնամի երկրի լրատվամիջոցները»,- MediaHub-ին ասում է Իսրայելյանը:
Այդպես, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթություն չհամարող Հայաստանի ղեկավարը՝ խոսնակի շուրթերով, նախօրեին քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները Երևանի սրտում վառած ՀՅԴ երիտասարդներին։ Նման դատապարտող տեքստ է հրապարակել նաև Ադրբեջանը։ Մեջբերելով Փաշինյանի խոսույթը՝ Ցեղասպանության վերաբերյալ, Բաքվի պետական լրատվամիջոցները գրել են՝ «1915-ին հայերի զանգվածային կոտորած չի եղել, դա հայկական առասպելաբանություն է, որը փաստել է նաև այդ երկրի վարչապետը»։
«Բաքվում իրար հերթ չտալով, գրում են. «Փաշինյանը դատապարտում է այս պրակտիկան՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի: Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից, այլ կերպ չի կարող դատվել: Սա սադրիչ պրակտիկա է»։
Դրանով թե՛ Բաքուն, թե՛ պաշտոնական Երևանն արդարացնում են Ալիևի՝ 2023 թվականին Արցախի դրոշի վրայով քայլելը։ Սակայն, նույն օրն ադրբեջանական «Տելեգրամ» ալիքները տարածեցին ևս մի ահասարսուռ տեսանյութ, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը պղծում հայ հոգևորականի դին և անարգում Հայաստանի պետական դրոշը։
«Բնականաբար, պետական մակարդակով որևէ արձագանք չկար, քանի որ ըստ իս՝ կառավարման վահանակը, որը գտնվում է Թուրքիայում, թույլ չի տվել արձագանքել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Թշնամական լրահոսում ցնծում ու ծափահարում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության ապրիլքսանչորսյան ուղերձին։ Առաքելությունը սոցիալական ցանցի իր էջում չեղարկել է «ցեղասպանություն» եզրույթը։
Սկզբում եվրոպացի միսիոներները գրառում էին արել ի հիշատակ «Հայոց ցեղասպանության զոհերի», սակայն րոպեներ անց այն խմբագրել են, նշել՝ «1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակ» նախադասությունը:
Հունան Թադևոսյան