ՔՊ-ն կո՞ղմ է մետրոյի «Երիտասարդական» կայարանի անվանափոխմանը․ մանրամասներ

ՔՊ-ն կո՞ղմ է մետրոյի «Երիտասարդական» կայարանի անվանափոխմանը․ մանրամասներ

ԿԳՄՍ նախարարությունը օրեր առաջ Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին գրություն է ուղարկել այն մասին, որ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ընտանիքը գրողի 150-ամյակի առթիվ առաջարկում է մետրոյի «Երիտասարդական» կայարանը անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով։

Այս առաջարկը բուռն քննադատության արժանացավ հանրության կողմից:

Արդյո՞ք իշխանությունը կողմ է դրան, MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք բացասական արձագանք են ներկայացրել նախարարություն։

«Դա Իսահակյանի հարազատների առաջարկն է, և նախարարությունն այդ առաջարկն ուղարկել է քաղաքապետարան, քանի որ առաջարկի բովանդակությունն ավագանու տիրույթում է։ Մենք պատասխանել ենք, որ բացասական դիրքորոշում ունենք, քանի որ «Երիտասարդականի» անվանումն իր պատմությունն ունի՝ նաև կապված շրջակայքում գտնվող համալսարանների հետ»,- նշեց Գալջյանը։

Նա հիշեցրեց, որ Երևանում Ավետիք Իսահակյանի անունով փողոց կա, դպրոց, տուն-թանգարան, արձան։

«Այսինքն՝ գրողի մեծությունը քաղաքի կողմից ամբողջապես գնահատված է։ Իսկ մետրոյի կայարանի անվանափոխության հարց հնարավոր է լինի, երբ ակադեմիական քաղաք կունենանք, համալսարանները կտեղափոխվեն։ Հիմա այդ քայլը նպատակահարմար չէ»,- ամփոփեց խոսքը Արմեն Գալջյանը։

Նարե Գնունի