2,5 տարի Աստծուն փառք էի տալիս, որ էրեխես գալու է, ինչ իմանայի, որ ուրիշի որդու մասունք են տվել. զոհվածի մայր

2,5 տարի Աստծուն փառք էի տալիս, որ էրեխես գալու է, ինչ իմանայի, որ ուրիշի որդու մասունք են տվել. զոհվածի մայր

Շուրջ 910 օր որդուն ողջերի մեջ փնտրող տիկին Գոհարն արցունքները կոկորդում սեղմած մի կերպ է արտաբերում․ «2,5 տարի Աստծուն փառք եմ տվել, որ իմ էրեխեն գալու է, ինչ իմանայի, որ այս տականքները իմ որդու մասունքը տվել են ուրիշին, ուրիշի որդու մասունքը՝ ինձ»։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում սխալ ԴՆԹ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ պատերազմից հետո տիկին Գոհարին տրված փոքրիկ մասունքը հենց իր որդունն է՝ Արայիկ Բաղդասարյանինը։

«Հայաստանում ԴՆԹ փորձաքննությամբ հաստատված մասունքներից իմ որդին որոշել էր հետազոտություն անել նաեւ Ռուսաստանում։ Այնտեղ արված փորձաքննության արդյունքը բացասական էր եկել, որից հետո մասունքներն ուղարկել էին Նիդերլանդներ, որտեղ ԴՆԹ հետազոտությամբ դրանք նույնականացվել են։ Մեզ սխալ մասունք էին տվել, դրա համար էլ Ռուսաստանից փորձաքննության արդյունքները բացասական եկան։ Անցած տարի սեպտեմբերին, երբ տղաս նույնականացման համար նաեւ Գերմանիա տարավ մասունքը՝ պարզվեց, որ Հայաստանում իրականացված փորձաքննության արդյունքները ճիշտ էին։ Ռուսաստան ԴՆԹ ուղարկելու համար ուրիշի որդու մասունքներ էին տվել մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց նա։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին էր Արայիկ Բաղդասարյանը կամավոր մեկնել պատերազմի ու հերոսաբար կռվել ամենաթեժ կետերում։

Արայիկն Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր զինվոր, բայց ժամկետային։ Տիկին Գոհարն էլ անհետ կորած եւ գերեվարված զինվորների հարազատների հետ Նիկոլ Փաշինյանի մոտ գնացել է հանդիպման, բայց մի անգամ ու վերջին անգամ։ Հիշում է, թե ինչպես է ժխտել անժխտելին։

«Մեկ անգամ եմ հանդիպել, երբ Ռուսաստանում արված ԴՆԹ փորձաքննությունը բացասական եզրակացություն էր տվել։ Հանդիպման ժամանակ ծնողներից մեկն ասաց, որ նման բան է եղել։ Դիմելով էդ տականքին՝ հարցրի՝ ո՞նց պետք է լինի, ասաց՝ «ինչի՞ չեք գնում վերցնեք մարմինները»։ Ու սա ասում է այն դեպքում, երբ իմ ձեռքին բացասական եզրակացություն է։ Փաշինյանը պնդում էր, թե չի կարող պատահել նման բան։ Ես այդ խելագարի վրա գոռացի՝ բա ես ով եմ այստեղ նստած, երկու անգամ հերքված ԴՆԹ-ն ձեռքս, դու ասում ես՝ չի՞ կարող պատահել»,-պատմեց տիկին Գոհարը։ Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Լիա Սարգսյան