Հայաստանը պետք է միանշանակ բանակցի Ադրբեջանի հետ

Հայաստանը պետք է միանշանակ բանակցի Ադրբեջանի հետ

Բոլոր առումներով Արցախում բավականին բարդ իրավիճակ է։ Ժողովրդին պետք է հիասթափությունից հանել, միասնական մոտեցում է պետք, որպեսզի թե՛ թշնամին, թե՛ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք չենք առաջնորդվում կարապի, խեցգետնի ու գայլաձկան սկզբունքով։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։

Ղահրամանյանի խոսքով՝ Արցախում քաղաքական բևեռվածություններ են առաջացել, որոնք առաջինը վնասում են հենց Արցախի շահերին։

«Ռուբեն Վարդանյան, Սամվել Բաբայան, իշխանություն․ բոլորի ուժերը պետք է մեկտեղել, հստակ ձևավորված կարծիք պետք է լինի, պետք է մերժվի ադրբեջանական ցանկացած ծավալապաշտական մոտեցում։ Պետք է վերացնել այդ բևեռվածությունները, պետք է հստակ դիրքորոշմամբ հանդես գալ, որպեսզի մարդկանց մոտ եղած անորոշությունն ինչ-որ կերպ փարատվի։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում և, ամեն դեպքում, մեզ հասած տեղեկություններով՝ իրենց պետության ներսում իշխանություն-ընդդիմություն բաժանում չկա Արցախին առնչվող հարցերում։ Սա ցավ է, որովհետև պետական բոլոր կառույցները մեկ մեխի են խփում և նպատակը Արցախում էթնիկ զտում իրականացնելն է, ինչպես նաև արցախցիներին օր առաջ բռնի կերպով հանելն Արցախից։ Նման մոտեցումների ֆոնին սին հայտարարությունները բավարար չեն՝ փոխվստահություն, խաղաղության պայմանագիր և չգիտեմ այլ «կապիկություններ», որոնք մենք որևէ կերպ պետք է չընդունենք»,-ասաց նա։

Ղահրամանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր ամբողջ լծակներով աշխատում է Արցախի և Հայաստանի դեմ, սակայն, ըստ նրա, հայաստանյան իշխանությունները որևէ կերպ չեն դիմակայում այդ ճնշումներին։

«Իսկ Արցախը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ չկա և պետք է ճիշտ գնահատելով իրավիճակը հասկանանք, որ Հայաստանը պետք է ձեռքերը ծալած չնստի։ Հայաստանն ասում է՝ Արցախը պետք է բանակցի որպես միավոր, հայաստանյան իշխանությունները պնդում են, որ Արցախի գործերին խառնվել չեն ուզում, կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իշխանական մի քանի պատգամավորներ, օրինակ՝ Աղազարյանը, Արսենյանը, Մելքոնյանը հստակ ներկայացնում են իշխանության դիրքորոշումը։ Սակայն պետք է ընդունենք, որ Հայաստանը պետք է միանշանակ բանակցի Ադրբեջանի հետ»,-շեշտեց կոմիտեի նախագահը։

Անդրադառնալով Արցախի կրած նյութական վնասներին, որոնք առաջացել են Ադրբեջանի սադրանքների հետևանքով, Ղահրամանյանը նշեց, որ պետք է ընդունել և շնորհակալ լինել Հայաստանին, քանի որ միջպետական վարկի տեսքով տրամադրել է գումարներ՝ շատ ցածր տոկոսներով։

«Առանց Հայաստանի աջակցության Արցախը ոչինչ անել չէր կարող։ Մեր մասով կարող եմ ասել, որ կոմիտեի ենթակայության տակ գտնվող օբյեկտների վնասների չափը չոր հաշվարկներով հասնում է մոտ 40 մլրդ դրամի, բայց սա դեռ ամբողջական պատկերը չէ։ Մենք որպես հաշվարկի կետ վերցրել ենք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը գրանցված բոլոր շենքերը, անասունները, այգիները։ Եթե հաշվառված չեն եղել, աջակցություն չենք տրամադրել»,-շեշտեց նա։

Լիաննա Թորոսյան