Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին կանայք ժենգյալով հաց են թխում, տղամարդիկ՝ ավելի ամրանում

Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին կանայք ժենգյալով հաց են թխում, տղամարդիկ՝ ավելի ամրանում

Շուրջ հինգ օր է, ինչ արցախցի երիտասարդները վրաններ են տեղակայել Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին՝ պահանջելով, որպեսզի ադրբեջանցիները հեռացնեն Լաչինի միջանցքում տեղակայած անցակետը։

«Արցախն ու արցախցին չեն նահանջելու»,- վստահեցնում են իրենք։

Հինգ ամիս գերության մեջ հայտնված Արցախի բնակիչները հերթով գալիս են իրենց պայքարի այս հարթակ, մասնակցում հանրային քննարկումների։

«Ադրբեջանցիների անմիջապես աչքի առջև են մերոնք տեղակայել իրենց վրանները՝ ցույց տալու, որ արցախցին չի վախենում, որ արցախցու կամքն անկոտրում է»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ վստահեցնելով, որ այս պայքարն օր օրի ավելի մեծ թափ է հավաքում։

Երեկ, օրինակ, արցախցի կանայք հենց այդ խաչմերուկին սկսել են ժենգյալով հաց թխել, ինքնաեռով թեյ պատրաստել։

«Մենք ցույց ենք տալիս, որ սուղ պայմանները մեզ չեն կոտրում, որ մենք սննդի մասին չենք մտածում, որ մեզ այս ամենով չեն կարող խեղճացնել»,- նկատեց Հակոբյանը

Նա գոհունակությամբ հայտնեց, որ մարդիկ ընտանիքներով՝ փոքր երեխաներին գրկած գալիս են, սատար կանգնում միմյանց, և դա ևս մեկ ապացույց է, որ արցախցու ցանկությունը մեկն է՝ հանգիստ ապրել իր հողում։

«Երևի շատ քիչ արցախցիներ են մնացել, որ դեռ չեն եկել, իրենց աջակցությունը չեն ցուցաբերել։ Իշխանական խմբակցության պատգամավորներ էլ են գալիս, նախարարներ։ Ստեփանակերտի քաղաքապետը հնարավորության չափով օգնում է։ Իսկ ահա Հայաստանի իշխանությունից դեռ որևէ սատարող բառ չենք լսել»,- ներկայացրեց Հակոբյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ տեղակայեց, ապա այնտեղ տեղակայեց նաև ադրբեջանական դրոշը։ Դրան հաջորդեց ադրբեջանցի իբր բնապահպանների հեռացումը տարածքից։





 

Նարե Գնունի