Նման տեղեկություններ շատ հաճախ ես էլ եմ լսում․ Վահան Հակոբյանը՝ Լարսում հայ վարորդներից կաշառք պահանջելու մասին

Նման տեղեկություններ շատ հաճախ ես էլ եմ լսում․ Վահան Հակոբյանը՝ Լարսում հայ վարորդներից կաշառք պահանջելու մասին

Վերին Լարսի անցակետում ճանապարհը բացվել է, կուտակումները կամաց-կամաց թեթևանում են, մեքենաները գնում են, ձևակերպումներն արվում են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ 

Նա նշեց, որ Վրաստանի Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհը փակվել էր մի քանի օր, բայց երեքշաբթի օրվանից արդեն բացվել է․ առավոտյան թեթև մարդատար մեքենաների երթևեկությունն է վերականգնվել, նույն օրը երեկոյան՝ բեռնատարների երթևեկությունը։ 

Մի քանի օր առաջ MediaHub-ը հոդված էր գրել այն մասին, որ Վերին Լարսի անցակետում ռուս մաքսավորները հայ վարորդներից կաշառք են պահանջում, որ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ չգցեն նրանց ու բեռները չտանեն լրացուցիչ փորձաքննության։ Վահան Հակոբյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ նման բան կա Լարսում։ 

«Ճիշտն ասած՝ ճիշտ չի լինի իմ կողմից դա մեկնաբանելը, բայց, ամեն դեպքում, ասեմ, որ նման տեղեկություններ շատ հաճախ ես էլ եմ լսում, նույն լրատվամիջոցներով էլ վարորդները հարցազրույցներ են տալիս ու նշում են էդ ամեն ինչը, բայց էնպիսի դեպք, որ փաստացի ֆիքսված լինի, և վարորդները պնդեն, որ էդպիսի բան կա, խնդիրը բարձրացնեն, փորձենք գնալ այդ խնդրի հետևից, լուծումը գտնենք, էդպիսի դեպքեր չունենք։ Հիմնականում վարորդները դրա մասին գերադասում են լռել, որ իրենց հարցերն իրենց ձևով լուծեն, ու շատ դեպքերում խախտումներ են ունենում մարդիկ, ու այդ խախտումները ինչ-որ ձև լուծելու համար երևի նման գործարքների մեջ են մտնում։ Բայց այս պահին ձևակերպումների հետ կապված հիմնականում խնդիրներ չկան, բեռները նորմալ ձևակերպվում են, խախտումներ չեն հայտնաբերվում, վերադարձներ չունենք։ Իսկ էդ խոսակցությունները միշտ էլ եղել են, միգուցե ինչ-որ առանձին դեպքեր լինում են, բայց պաշտոնապես դա մեկնաբանել կամ հստակ ասել՝ էդպիսի բան կա կամ չկա, դա կարելի է միայն այն դեպքում, երբ որ փաստացի ապացույցներով նման բան հաստատվել է»,- ասաց Վահան Հակոբյանը։ 

Մեր դիտարկմանը, թե քիչ հավանական է, որ կաշառք տվողը կամ վերցնողը ապացույցներով հանրայնացնի իր արարքը, Հակոբյանն ասաց․ «Էդ դեպքում ես ի՞նչ կարող եմ մեկնաբանել, ինչ-որ խոսակցություննե՞ր մեկնաբանեմ»։ 

Նա նշեց, որ իր կողմից նման խնդիրների կարգավորումը կլինի այն, որ ինքը հարցը բարձրացնի իրավական դաշտում, և փորձեն իրավական կարգավորում տան դրան, բայց նման առաջարկ կամ պահանջ ինքը մեր քաղաքացիներից դեռ չի ստացել։ 

Վահե Մակարյան