Լարսում ռուս մաքսավորները հայ վարորդներից կաշառք են պահանջում ու հարցնում՝ «Զելենսկին արդեն եկե՞լ է Հայաստան»

Լարսում ռուս մաքսավորները հայ վարորդներից կաշառք են պահանջում ու հարցնում՝ «Զելենսկին արդեն եկե՞լ է Հայաստան»

Անցյալ տարվա հոկտեմբերից լուրեր տարածվեցին, թե ռուսական կողմը փակել է կամ պատրաստվում է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար։ Այդ լուրերը չհաստատվեցին, քանզի հայկական բեռնատարները, ինչպես տեսնում ենք, մինչ օրս անցնում են այդ անցակետով, բայց այնպես չէ, թե դրա տակ ճշմարտություն չկար։ 

Բանն այն է, որ ռուսները թեև չեն փակել, բայց ակնհայտ քաղաքական դրդապատճառներով բարդացրել են հայ վարորդների կյանքն ու հայկական բեռների տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն, որը հայ արտահանողների համար ամենամեծ և կենսական նշանակության շուկան է։

Ու թեև ամիսներ առաջ ֆիտոսանիտարական ստուգման տակ առաջացած խնդիրները հիմա, ըստ կառավարության ներկայացուցիչների և ՍԱՊԾ պետի, կարգավորվել են, և մեր արտահանողները սկսել են, իբրև թե, ավելի «անվնաս և մաքուր, առանց ֆիտոսանիտարական բնույթի խախտումների ապրանք արտահանել, բայց դա միայն պետական չինովնիկների մեկնաբանությամբ։ Իրականությունը լրիվ այլ տեսք ունի։  

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից հակառուսական քաղաքականության խորացմանը զուգահեռ՝ ռուս մաքսավորները հայ արտահանողների ու բեռնափոխադրողների կյանքը բարդացնելուց զատ նաև սկսել են ակտիվորեն փող աշխատել այս հողի վրա։ Ավելի ստույգ՝ Վերին Լարսում հայ վարորդների հաշվին քաղաքական հողի վրա ծաղկում է տնտեսական կոռուպցիան։

Արտահանող և բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները MediaHub-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեցին, թե ինչպես է իրենց հաջողվում Հայաստանից ապրանք արտահանել Ռուսաստան, ու նշեցին ռուս մաքսավորների կողմից պահանջվող կաշառքի հստակ չափեր։

Օրինակ՝ խնձոր արտահանողներից պահանջում են 60-80 հազար ռուբլի կաշառք, հակառակ դեպքում գրում են, որ խնձորի արկղերում վնասակար միջատ կա, և բեռը հետ են ուղարկում։

Ծաղկի արտահանման դեպքում կաշառքի չափը ավելի բարձր է՝ 160 հազար ռուբլի։ Եթե բեռնափոխադրողը հրաժարվում է վճարել, ծաղիկը ուղարկում են լաբորատորիա՝ փորձաքննության, որի պատասխանը մի քանի օր հետո են ուղարկում։ Իսկ դա նշանակում է, որ բեռնատարը մի քանի օր պետք է կանգնի սահմանին՝ դրանից բխող ֆինանսական կորուստներով, ինչի հետևանքով նաև բեռն է փչանում։ Լաբորատորիայի պատասխանը ստանալուց հետո, եթե էլի չեն վճարում պահանջվող գումարը, ուղարկում են կրկնակի փորձաքննության, որի արդյունքներով Հայաստանից արտահանվող ծաղիկների մեջ Ռուսաստանի համար «վնասակար միջատներ» են հայտնաբերում, և արդեն օրինական տուգանք են գրում վարորդի վրա՝ մոտ 90.000 ռուբլու չափով, որից հետո արդեն բեռը ուղարկում են հետ՝ Հայաստան։

Այս ամենից խուսափելու համար հայ արտահանողներն ու բեռնափոխադրողները, գալով իրար հետ համաձայնության, նախընտրում են վճարել ռուս մաքսավորների պահանջած գումարը և չընկնել քաշքշուկների մեջ ու կրել ահռելի վնասներ։ 

Մեզ պատմեցին նաև, թե ինչպես է տեղի ունենում կաշառքի փոխանցումը։ Հայաստանից արտահանող ընկերությունը գումար է փոխանցում բեռնատարի վարորդին, որին մոտենում է ռուս մաքսավորը, հայ վարորդը նստում է վերջինիս մեքենան, գնում բանկոմատից կանխիկացնում գումարն ու առձեռն «վճարում» կաշառքը։  Դրանից մեկ-երկու ժամ անց արդեն բեռի հետ բոլոր փաստաթղթերը՝ առանց որևէ խնդրի ու խախտման, ձևակեպում են ու բարի ճանապարհ մաղթում հայ վարորդներին դեպի Ռուսաստան։

Ի դեպ, ռուսները բնավ չեն էլ թաքցնում, որ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա։

Մամուլում քանիցս գրվել է, որ հայ վարորդներին ռուս մաքսավորներն ասել են՝ գնացեք խնդիրը ձեր իշխանությունների մոտ կամ նրանց վարած քաղաքականության մեջ փնտրեք։ Մեզ էլ լրիվ թարմ մի դեպք պատմեցին, թե ինչպես է ռուս մաքսավորը հայ արտահանողին, որը հետաքրքրվել է նրանից՝ բա՞ց է, արդյոք, Լարսը իրենց համար, կարո՞ղ է բեռ ուղարկել, ասել է․ «Իսկ Զելենսիկն եկե՞լ է Հայաստան»։ Բացասական պատասխան ստանալուց հետո, որ «ոչ, չի եկել», ռուս մաքսավորն ասել է․ «Ուրեմն բաց է, կարող եք»։

Վահե Մակարյան