Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մինչեւ 120 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու բանակցություններ է վարում թուրքական Baykar ընկերության հետ, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հնարավոր գործարքը կարող է արժենալ մոտ 2 միլիարդ դոլար՝ զինամթերքի, հրամանատարական կետերի, կառավարման կենտրոնների եւ ուսուցման հետ միասին:
Baykar-ի եւ զենքի գնումների պետական ընկերությունների միջեւ բանակցությունները՝ էմիրաթական Tawazun գործակալության շրջանակներում, շարունակվում են մարտ ամսից: Բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան եւ ԱՄԷ-ն աշխատում են տնտեսական կամուրջներ կառուցելու համար՝ բազմամյա տարաձայնություններից հետո:
Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը նշանավորվել է երկու երկրների ղեկավարների վերջին փոխայցելություններով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի կեսերին պատասխան այցով մեկնել էր ԱՄԷ՝ նոյեմբերի վերջին Անկարա ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի այցից հետո։
Եթե անօդաչու թռչող սարքի գործարքը կայանա, TB2-ի որոշ բաղադրիչներ կարող են արտադրվել ԱՄԷ-ի Baykar գործարանում: