Շոտլանդիայի թագը կդրվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դագաղի վրա, քանի դեռ նրա աճյունը գտնվում է Էդինբուրգում, փոխանցում է PA Media-ն։
Պատմականորեն թագն օգտագործվել է արարողությունների ժամանակ՝ միապետի ներկայությունը խորհրդանշելու համար, եւ այն Էլիզաբեթ Երկրոդի դագաղի վրա կդրվի Համիլթոնի 16-րդ դուքս Ալեքսանդր Դուգլաս-Համիլթոնի կողմից։
Շոտլանդիայի պատմական միջավայրի վարչությունը հաստատել է, որ թագը կմնա թագուհու մոտ, քանի դեռ նրա աճյունը գտնվում է Էդինբուրգի Սուրբ Ջայլսի տաճարում, ուր, ինչպես ակնկալվում է, հազարավոր շոտլանդացիներ կժամանեն՝ հարգանքի տուրք մատուցելու համար: Սգավորներին կթույլատրվի անցնել թագուհու դագաղի կողքով երկուշաբթի ժամը 17:30-ից մինչեւ երեքշաբթի երեկոյան ժամը 15:00-ը:
Դրանից հետո Շոտլանդիայի թագը կվերադարձվի Էդինբուրգի ամրոց, որտեղ այն սովորաբար ցուցադրված է, եւ կներկայացվի այցելուներին, երբ ամրոցը վերաբացվի չորեքշաբթի օրը:
Նրանց, ովքեր կցանկանան տեսնել թագուհու դագաղը Սենտ Ջայլսում գտնվելու ընթացքում, հատուկ թեւնոցներ կտրամադրվեն։ Մուտքը թույլատրվում է միայն թեւնոցներով մարդկանց, իսկ ծաղիկներն արգելված են։ Ցանկացած ոք, ով պատրաստվում է մասնակցել միջոցառմանը, նախազգուշացվում է, որ երկար հերթեր եւ օդանավակայանի նման անվտանգության ստուգումներ են լինելու: Սգավորներին նաեւ խնդրում են դագաղի կողքով անցնել առանց կանգ առնելու, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան հարգանքի տուրք մատուցել։