Իմ խնդիրը Հայաստանի ապագան է, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա․ Փաշինյանը՝ Օհանյանին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարց ուղղեց Արցախի վերաբերյալ՝ նկատելով, որ այս իշխանության գործունեության կամ անգործության պարագայում չորրորդ ողբերգական տարին ենք ամփոփում առանց Արցախի։ Ապա հիշեցրեց այս իշխանությունների տարատեսակ հայտարարությունները Արցախի վերաբերյալ, որոնք ասվել են նախկինում, բայց տեղի է ունեցել նրանց հայտարարածի ճիշտ հակառակը։ 

«Դուք անտարբեր եղաք Ադրբեջանի անօրեն, իբրև թե հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, նույնիսկ ասելով, թե Արցախի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Արդյունքում Արցախը հայաթափվեց, և Ադրբեջանն Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ ցեղասպանություն իրականացրեց։ Հիմա հարց՝ ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ ձեր՝ «Ապագա կա» ծրագրի շրջանակներում։ Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, և ի՞նչ է արվում գերիներին վերադարձնելու, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու և դիվանագիտական ճանապարհներով հետ վերադարձնելու համար»,- հետաքրքրվեց Սեյրան Օհանյանը։ 

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե իրենք, ըստ էության, վերջին շրջանում այդ թեմաներին անդրադառնալու բազմաթիվ առիթներ են ունեցել, և ինքը ՀՀ պետական բյուջեի նախագի քննարկման ժամանակ անդրադարձել է իրենց ռազմավարական անելիքներին, այն է՝ ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը։

«Ի՞նչ կապ ունի իմ ասածը Ձեր հարցի հետ։ Կապն ուղղակի է, որովհետև ես նախորդ իմ հիշատակած ելույթում ասացի, որ իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործվել է մի նպատակի համար, որ Հայաստանում պետություն չկայանա։ Եւ այդ համոզմունքը ինձ համար գնալով ավելի է խորանում։ Ուզում եմ ևս մի հանգամանքի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել՝ «ինքնորոշում» եզրույթի հետ կապված ես այս ամբիոնից բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»,- ասաց Փաշինյանը։ 

Օհանյանն էլ արձագանքեց․ «Պարոն Փաշինյան, ըստ էության՝ հարցը վերաբերում էր Արցախի ապագայի վերաբերյալ ռազմավարությանը։ Արցախի հակամարտությունը, մեր բոլորի տեսնակյունից, չի ավարտվել, Ադրբեջանի հանցավոր գործունեության արդյունքում այդ հակամարտությունն ավելի է խորացել: Եվ Ադրբեջանը միջազգային հարթակում դրա համար պետք է պատասխան տա և պատժվի, և մեր պետության գործունեությունը պետք է ուղղված լինի դրան։ Դուք նորից հարցին չպատասխանելով՝ փորձում եք շեղել կամ մանիպուլացնել, որովհետև Արցախը և Հայաստանը ինտեգրված մի կուռ կառույց են եղել, և նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել։ Ինչ էլ ուզում եք ասեք, միևնույն է, Ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, և էսօր նորից ոչ մի բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը ետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ»։ 

Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրեց, որ իր խնդիրը Հայաստանի ապագան է, և ինքը կենտրոնացած է այդ խնդրի վրա։ Ապա անդրադարձավ այն պնդումներին, թե իրենք Արցախին ինչ-որ իրավիճակում մենակ են թողել. Փաշինյանը նման արձագանքներին ընդամենը մեկ բառով գնահատական տվեց՝ երախտամոռություն։ 

«Ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագործել։ Եվ սա վերաբերում է բոլոր էն դեպքերին, երբ սա ասվում է ՀՀ կառավարության մասին, և վերաբերում է բոլոր էն դեպքերին, երբ խոսվում է ըդնհանրապես ՀՀ մասին»։ 

Մանրամասն՝ տեսանյութում