Արցախը «հանձնվեց» Ադրբեջանին 

Արցախը «հանձնվեց» Ադրբեջանին 

Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը երեկ հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։

Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը ընդգծել է երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ 

Այսպիսով՝ պատահական չէ, որ Եվրոպական խորհրդի նախագահը նշում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքների կոնկրետ չափը. դրանով նա ամրագրում է, որ ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի մաս:

Ընդ որում, ակնհայտորեն չեն երևում նշաններ, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ունենալու է սուբյեկտության որևէ հեռանկար, ինչն անխուսափելիորեն ճանապարհ է բացելու Արցախի հայաթափության համար:

Մյուս կողմից, Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ի ամրագրումը կամ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին ենթադրում է, որ օրակարգ է գալու, այսպես կոչված, անկլավների խնդիրը:

Էլ չասած այն մասին, որ Միշելի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի այն տարածքների դեօկուպացիայի մասին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հետպատերազմյան երկու տարիների ընթացքում:

Վահրամ Բագրատյան